RSS

Category Archives: ԳԵՂԱԴԻՏԱԿ

գրականություն, արվեստ

Մայիսի 28-ն իմ ձեռնադրության օրն է

Ձեռնադրությունս

Երբ խենդութիւնը համբուրեց մարդու ճակատը, ան կրոնավոր դարձավ:
Կոստան Զարյան

Ամեն Աստծո օր ես որոշում էի թողնել ճեմարանը և ամեն Աստծո օր` հետ կանգնում իմ որոշումից: Մոտավորապես այսպես են անցել ճեմարանական կյանքիս առաջին երկու-երեք տարիները: Բարեբախտաբար, երբեմն պարզապես «ճեմարանական» լինելու ռոմանտիկ հերոսականությունը, երբեմն էլ կտրուկ որոշում կայացնելու համար անհրաժեշտ քաջության պակասն ինձ հետ էին պահում ճեմարանը լքելու արկածախնդրությունից: Իմ հոգում գրեթե ամեն օր մակընթացություն էր, կամ տեղատվություն, և այն աստիճան, որ ես երբեմն գայթակղություն էի ունենում ինձ «Հին աստվածների» աբեղա երևակայել:

Ես շատ ուշ սիրեցի քեզ, ո՜վ քաղցրություն…
Ս. Օգոստինոս Երանելի

Ծանոթությունս Գերշ. Տ. Սահակ եպս. Մաշալյանի հետ (այն ժամանակ աբեղա) իմ կյանքում որոշիչ եղավ: Զարմանում էի`որտեղի՞ց այսքան իմաստություն և պարզություն այս մեկ անձի մեջ: Այն, որ նա մեզ քարոզխոսության և Նոր Կտակարանի դասեր էր տալիս, դա միայն թվում էր,  իրականում սակայն, Սրբազանը մեզ պատմում էր ինձ անծանոթ Աստծո մասին, Աստծո, որին, տարօրինակ կերպով, ես հավատում էի մանկությունիցս ի վեր, հավատում, բայց չէի ճանաչում:

Սրբազանն ինձ ծանոթացրեց իմ դավանած Աստծո հետ:

Ճեմարանական վերջին տարիներին, երբ ամեն ուրբաթ երեկոյան գնում էինք Մայր Տաճար լռության քաղցր վայրկյաններ ապրելու համար, երբ միայն մեկ մոմի լույս կար, միայն աղոթք կար և Տիրոջ Զորավոր Խոսքը, որ հնչում էր Սրբազան Հոր շուրթերից և թագավորում մեր անհանգիստ երիտասարդ սրտերում, ահա այդ ժամանակ էր, որ իմ մեջ հետզհետե լռում էին հոգիս ալեկոծող բոլոր աղմուկները և ես ավելի պարզորոշ էի լսում Աստծո կանչը…

 Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ։ (Հայտ. Գ 20)

Հիշում եմ, հազիվ տասը կամ տասնըմեկ տարեկան կլինեի, երբ մի օր երեկոյան Շիրակ անունով մեր հարևանը բախեց մեր դուռը…

Հարևաններ կան, որոնց հետ երբևէ առնչություն ունեցած չենք լինում. Շիրակն այդպիսի հարևան էր մեզ համար: Նա փոքր-ինչ զարմացած ծնողներիս ասաց, որ մեր քաղաքի եկեղեցին այժմ քահանա ունի, իսկ եկեղեցում փոքրիկ դպիրների կարիք կա:
Օրեր անց ես և Սամվել եղբայրս եկեղեցում արդեն շապիկ էինք հագնում: Հետո, Սուրբ Խաչի տոնին մկրտվեցինք և Տեր Նարեկը մեզ թույլ տվեց Պատարագներին Խորան բարձրանալ: Մեր Տեր Նարեկը, մեր սիրելի քահանան, բարի սերմնացանի նման ամեն կիրակի Պատարագից հետո մեզ հետ նստում էր եկեղեցու շվաքում` սալ քարերի վրա, և պատմում Հիսուսի կախարդական առակները` կես-պատանեկան ու կես-մանկական մեր երևակայության մեջ գծագրելով Աստծո լուսավոր քաղաքի պատկերը…
Հիմա, տարիների հեռվից, երբ մտաբերում եմ այս ամենը, զարհուրանքով մտածում եմ, որ դռան այդ բախոցն իմ կյանքում կարող էր և չլիներ…

Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց։  (Սաղմ. ԻԶ 10)

Քանի՜-քանի անգամ փակել էի աչքերս և պատկերացրել քահանայական օծումս Սուրբ Էջմիածնի իմ նվիրական Մայր Տաճարում : Պատկերացրել էի ընծայումս` հանդիսավոր, շքեղ երգեցողությամբ, բազմամարդ ու լուսավոր, ինչպես սովորաբար լինում է Մայր Աթոռում:
Բայց Տերը, մարդկային սրտի ամենանվիրական անկյունները ճանաչող, երկինք ու երկիր ստեղծած մեր Տերն ինձ համար այլ ճանապարհ էր պատրաստել :

Հոգեգալստյան տոնի օրը` 2012թ. Մայիսի 27-ի երեկոյան Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում կատարվող ընծայմանս արարողությանը սպասավորում էին մի քանի դպիրներ, իսկ արարողությանը հետևում էին ընդամենը երեք հավատացյալ կանայք : Հազարավոր կիլոմետրեր հեռվում թողած Սուրբ Էջմիածինս, ինձ համար աղոթող բազմաթիվ քույրերիս և եղբայրներիս, այսպես ծնկի իջա Տիրոջ Սուրբ խորանի առաջ :

Շքեղ տաճարի լռության մեջ իրականացվող սրբազան այդ ծիսակատարությունը, Սրբազան Հոր բոլոր աղոթքներն ու յուրաքանչյուր բառը ասես աներևույթ մի զորությամբ հեղվում էին հոգուս մեջ, խառնվում արյանս, հասնում անհանգիստ բաբախող սրտիս, խաղաղեցնում տագնապներս :
Երբ ամեն ինչ ավարտվեց, հոգևոր աննկարագրելի ուրախությամբ բարձրացրի հայացքս, հասկացա, որ Տերն ինձ ընդունեց լռության մեջ:

 Աստված իմ, ես գալիս եմ քեզ մոտ: Ես հերկել եմ հողը քո անունով, և դու պետք է հավաքես բերքը: Ես կառուցել եմ տաճար, և դու պետք է ապրես այդ լռության մեջ:

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

 Մայիսի 28-ի առավոտն ասես ինձ համար էր բացվել: Եղանակն արտասովոր արևային էր, մի բան, որ Փարիզում ամեն օր չես տեսնի: Օդի մեջ մի տեսակ հանդիսավորություն կար: Եվ ի տարբերություն նախորդ երեկոյան կատարված ընծայման գողտրիկ ծիսակատարության` քահանայական ձեռնադրությունս պիտի կատարվեր բազմամարդ եկեղեցում: Փարիզի սրտում գտնվող հայկական ծաղիկը` իմ հոգու նոր ծննդավայր Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցին վաղ առավոտից լի էր ինձ անծանոթ հավատացյալներով, Սուրբ Պատարագի ընթացքում Խորանի վրա Սրբազան Հորը սպասավորում էին մի քանի քահանաներ…

Ես ծնկաչոք խորան բարձրացա, ճանապարհ, որ ինձ ծանոթ էր մանկությունից… Ճանապարհ, որ ասես առաջին անգամ էի անցնում: Ամեն բան հարազատ էր և փոքր-ինչ այլ, ամենուր Աստված էր: Ես բառեր չէի գտնում աղոթելու համար, ասես բառեր գոյություն չունեին, ես ոչ մի սաղմոս չէի հիշում, հոգիս ցնծում էր և լալիս:
Դավիթ, Դանիել, Վարդան, Հովհաննես, Գարեգին, Հովնան, Գալուստ, Արամ և Եսայի անուններից Սուրբ Խորանին ինձ համար հնչեց Տեր Արամ անունը: Ես Տիրոջ ծառան դարձա Տեր Արամ անունով :
Ճիշտ մեկ տարի է անցել : Ես քանի՜-քանի անգամ փորձել եմ բառերով վերարտադրել այդ մի քանի ժամվա ընթացքում ինձ հետ կատարվածը, սակայն ապարդյուն : Բառեր չկան պատմելու համար Սուրբ Հոգու լուսավոր ներկայությունը մեր մեջ, որովհետև մենք սահմանափակ էակներ ենք, իսկ «Աստված Հոգին տալիս է առանց չափի» (Հովհ. Գ 34)։

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե’ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի: (Սաղմոս ՃԼԷ 14)

Մայիսի 28-ն իմ ձեռնադրության օրն է: Կյանքիս ճանապարհն օրհնությամբ ու սիրով ասեղնագործած իմ Տիրոջ և իմ հանդիպման օրը…

 
1 մեկնաբանություն

Posted by off 28 Մայիսի, 2013 in ԳԵՂԱԴԻՏԱԿ

 

Պիտակներ՝ , ,

Աստուած Հայը հրեշտակ է ստեղծած. վերջը զղջացած է ու սատանայի է վերածած

Բոլորիս էլ հայտնի է մարդկային մեր տեսակի համար բանաձևի արժեք ստացած դեմիրճյանական «ՀԱՅԸ»: Վստահաբար, առիթ ունեցել ենք ընթերցելու և հիանալու մեր հավաքական կերպարով, մտածելու նաև մեծ դասականի մատնանշած մեր բնավորության բացասական գծերի մասին: Ինձ համար հայտնություն էր, երբ ծանոթացա Նշան Պեշիկթաշլյանի «Հայ աղբրտիք»-ից քաղված` ստորև ներկայացված այս հատվածին: Պեշիկթաշլյանական «հայ»-ին, ակամա սկսեցի համեմատել դեմիրճյանական «հայ»-ի հետ: Նորից, ակամա, ինքս ինձ համար եզրակացություններ արեցի…  

Հ  Ա  Յ  Ը

Աստուած Հայը հրեշտակ է ստեղծած. վերջը զղջացած է ու սատանայի է վերածած։ Յետոյ ջնջած է անոր սատանայութիւնն ալ։ Հայը, սակայն, երկու էակներէն մէյ մէկ բան պահած է իր մէջ։ Աստուած Հայը երկիր ղրկած է` իբրեւ ֆէնոմէն։ Հայը մարդ չկրցաւ ըլլալ աշխարհի մէջ։

Դիւրաւ կարելի է ճանչնալ զինքը։ Ունի գլուխ մը, որուն գանգուր մազերը մրրիկի մը մէջ են` նման իր լեռնաշխարհին ալեկոծութեան։ Իր աչքերը` սեւով ու լոյսով խառն, լիճեր են, որոնց մէջ նետուած են իր ցեղային հանճարին քնարները, նկարները, ճարտարապետական ոճերը, ազգային պատմութիւնը։ Այդ բոլորը վեր կ’ելլեն, երբ հով մը փչէ։ Իր լիճերէն կ’ելլեն բարութեան անոյշ գետեր։ Իր քիթը Արարատ մըն է։ Խօսակցութիւնն ալ երկրաշարժ։ Կռնակէն աւելի շուտ կարելի է ճանչնալ զինքը։ Երբ տեսնես մէկը, իր ետեւէն, որ ծոծրակին մազերը կտրել տալու համար շատոնց է սափրիչին չէ գացած, վստահ կրնաս ըլլալ, որ անիկա Հայ է։

Մարտիրոս Սարյան. «Հայաստան»

Մարտիրոս Սարյան. «Հայաստան»

Դժուար է, սակայն, զինքը ճանչնալ իր ներսէն։

Առաջին քննութեամբ կ’ըսես` թիւ է ան։ Կը կարդաս իր թուանշանները ու կը տեսնես, որ տակէն կ’ելլեն բառեր։ Կ’ըսես` խօսք է ան։ Կ’ընթեռնուս խօսքերը ու կը գտնես, որ ոտանաւոր է։ Կը նկատես, սակայն, որ բնաւ չափ չունի ու կ’եզրակացնես` հանելուկ է ան։ Կը ճգնիս գտնել ի՛նչ ըլլալը, մէյ մըն ալ կը տեսնես, որ առեղծուած է եղեր։ Կ’աշխատիս լուծել, սակայն, առեղծուածը քենէ աւելի կ’աշխատի չլուծուելու համար։ Հայը աշխատանք կը կարծես ու կ’ըսես իրեն. «Ի՜նչքան գործունեայ ես, եկուր միասին քրտինք թափենք հանրային գործի մը համար»։ Կուգայ, բայց ատեն մը վերջը կը խորհրդածես. «Ան գործի մարդ է անձնական ձեռնարկի մէջ ու խօսքի մարդ՝ հանրային ձեռնարկի մէջ»։ Օր մըն ալ կ’իմանաս, որ դրամ է դիզեր։ Ան` խաբուած Աստուծմէ ու իր արարածներէն, փարեր է մամոնային ու նոյնացեր է անոր հետ։ Շիներ է տուն, բացեր է խանութ, ի՜նչ փոյթ, թէ ոտքերը յաճախ իր տան պատուհանէն դուրս են ելած ու իր գլուխը իր խանութին դռնէն դուրս է։ Կը չափէ, կը կշռէ, թիւերը ձիւթ է ըրեր ու կը ծամէ։ Ճահիճը քաղաք կը շինէ ու անապատը` շուկայ։ Կը բացագանչես` Էվրէքա՜, նիւթ է ան։

Տօնական օր մըն ալ կը մտածէ եկեղեցիի ու դպրոցի մասին։ Իր մտածումին չափ արագ գրեթէ՝ կը կանգնէ տաճարը եւ ուսումնարանը։ Ծառի մը ճիւղերուն չափ միութիւններ կ’արձակէ։ Օրեր կ’անցնին, մեր ֆէնոմէնը մատուռին առջեւ կը հայհոյէ ու վարժարանին առջեւ կ’աղօթէ։ Իր լուտանքին ու փառաբանութեան մէջ միշտ յափշտակուած քրիստոնեան է։ Նոր եզրակացութեան մը հասած կ’ըսես` ոգի է ան։

Սակայն, երբ իր խանութը երթաս, կը գտնես Հրեայ մը, երբ իր ժողովին երթաս, կը գտնես Բիւզանդացի մը, երբ իրեն հետ յարաբերուիս, յաճախ կը գտնես Քիւրտ մը, երբ հրապարակ երթաս, կը գտնես ճինիվիզ մը։ Բայց եթէ իր տունը երթաս, այնտեղ կը գտնես իր լաւագոյն յատկութիւնները։ Ու մէջէն չես կրնար ելլել։

*

Հայը, երբ կուսակցական է, կը ճառէ ազատութենէ, երբ չէզոք է, կը խօսի միութենէ։ Իբր մարդ՝ անիշխանական է, իբր Հայ՝ ազգայնական։ Անգամ մը որ տիրանայ իր հայրենիքին, կրկին անիշխանական կը դառնայ։

Քաղաքական կեանքի մէջ գործազուրկ է, ու գործազրկութեան նպաստ չի տրուիր իրեն։ Հայասէրներու բարոյական լումաներով կը կառուցանէ սպանիական դղեակներ եւ, անոնց մէջ նստած, կարկանդակներ կ’որոճայ։

Եթէ տարագրուի կամ աղքատանայ կամ երբ աշխարհի հեռաւոր մէկ անկիւնը իյնայ, շուտով կը գտնէ հացի ճամբան։ Փորձէ իրեն նպաստ տալ՝ այն ժամանակ կը ծուլանայ, մոլութենէ մոլութիւն կը գլտորի։

Կարելի չէ ոչ սուրով, ոչ հուրով սպաննել զինքը։ Զինքը մեռցնելու միակ միջոցը իրեն նպաստ տալն է։

Կրօնաւորները լաւ գիտեն այս գաղտնիքը ու հայուն վրայ կը վազեն աղէտներէ վերջը` տանելով նպաստի, կաթոլիկութեան կամ բողոքականութեան սնտուկներ եւ պարկեր։ Հայը լեռան մը վրայ կանգնած ըլլայ, ու միսիոնարը լեռան ստորոտը` պարկը բացած, Հայը ահագին բարձրութենէն, մէկ ոստումով, ամբողջ գլուխովը կը մտնէ պարկին մէջ։

Հայը, ինչով ալ զբաղի, կ’ընէ նաեւ դագաղագործութիւն։ Ան ամէն օր կը շինէ քանի մը դագաղ` բան մը թաղելով իրմէ։ Բարեբախտաբար, անսպառ է իր կենդանութիւնը։ Լաւ դագաղագործ ըլլալով` լաւ ալ մեռել թաղող եղած է։

Գիտունները կը փնտռեն յաւիտենական շարժումը։ Հայը կը խնդայ անոնց վրայ ու կ’ըսէ իւրովի. «Ե՛ս եմ յաւիտենական շարժումը, եւ ինծի է, որ կը փնտռեն»։ Ինքն ալ, սակայն, բան մը կը փնտռէ` Անկախութիւնը, ու զայն գտնելու համար օտարին դռները ափ կ’առնէ։ Կ’ըսես իրեն. «Անկախութիւնը դուն պիտի յայտարարես»։ Այս անգամ կը չէզոքանայ՝ անկախ հռչակուելու համար։

Շատ թերթ ու գիրք կը հրատարակէ։ Ասով կ’ապացուցանէ որ երբեք չէ ներկայացուած Տիար Յուսահատութեան եւ ոչ մէկ ծանօթութիւն ունի անոր հետ։

Ինչ որ իրն է ու անմիջապէս դրամի չի վերածուիր, չի գնահատեր։ Օրինակ իր տաղանդաւորները։ Բայց վա՜յ, եթէ իր ցեղին պատկանող միջակ մը ստանայ օտարներու ներբողականը. չտեսի մը նման, մեծով պզտիկով, բարեկենդան կը սարքէ, կ’ուռի եւ կը պայթի։

Ինկի՛ր, ու Հայը ձեռք մը կուտայ քեզի։ Ելի՛ր ու կ’ընդունիս իր ոտքը կամ իր նախանձէն եկող կիցը. որ, սակայն, ազգօգուտ է, որովհետեւ կը մարզէ քեզ եւ պատճառ կ’ըլլայ, որ պինդ կենաս ու ա՛լ չիյնաս։

Հայուն կրնաս ցոյց տալ բոլոր կարողութիւններդ, սակայն մի՛ յայտներ իրեն գրպանիդ կարողութիւնը, աւելի ճիշդը ըսելով` անկարողութիւնը։ Իր համարումը եթէ չվերնայ իսկ, անպայման կը պակսի։ Ան քեզ անգին կամ թանկագին կը կարծէր ու կը համոզուի, որ աժան ապրանք ես։ Ան չուզեր սորվիլ արժէքին ու գինին մէջ գտնուող տարբերութիւնը։

Հայը կապուած է իր ցեղին, իր լեզուին, քիչ թէ շատ` իր օրաթերթին ու գրականութեան եւ մշակոյթին։ Սակայն վայ, եթէ օտար լեզու մը սորվի կարդացածը հասկնալու չափ. կամացուկ մը «մնաս բարով» կ’ըսէ իր մշակոյթին` վերէն նայելով անոր վրայ, ու կը բռնէ այլասերման նրբուղին։ Հայուն իրապէս իր ցեղին կապուած ըլլալը այն ատեն միայն կը հասկցուի, երբ ան, օտար տարածուն լեզու մը գիտնալով հանդերձ, չի հեռանար Մեսրոպին աննման գիրերէն։

*

Հայուն մէջ երկու հոգի կայ` վախկոտ մը եւ քաջ մը, կամ ստրուկ մը եւ հերոս մը։ Ամէն ազգի մէջ վախկոտը կը կծկուի քաջին ետեւը. ընդհակառակն է Հայուն մէջ. քաջը կը գտնուի վախկոտին տակը։ Ամէն բռնակալ կրնայ իր առաջին հոգին հանել։ Հանե՞ց. սոսկալի է հրաշքը։ Կը ցցուի պահեստի հոգին` խենթի նման։ Ու կը զարնէ։ Եւ իր հարուածը անսխալական է… Պապին պէս։

Երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր մէջի հերոսը ու վախկոտին հետ քաջաբար շուկայ կ’իջնէ` գրաւելու՛ համար Ոսկեբերդ մը։

*

Օտարներէն ոմանք կ’ըսեն, թէ առեւտուրի մէջ մէկ Հայ կրնայ խաբել երեք Իսրայելացի։ Իրենց ըսածը հաստատելու համար, սակայն, երեք հրեայ չեն կրնար ճարել` իբր սուտ վկայ։ Ու մանաւանդ կը մոռնան, որ քաղաքականութեան մէջ բաւական է եւրոպացի շոշորթ մը` խաբելու համար ամբողջ հայութիւնը։ Հայը, որ շէնցնող է, որ կը շինէ ոչ միայն իրը այլ եւ ուրիշներունը, անշուշտ, ունի վաճառականական տաղանդ. սակայն իր այդ ճարպիկութիւնը սկսած է այն տեղէն, ուր դադար մը առած է աշխարհի քաղաքական խարդաւանքը։

Աշխարհը ընդգրկող խաբէութեան մանեակ մը կայ։ Ճշդենք անոր վրայ Հայուն տեղը։ Հայը այդ խաբէութեան մանեակին մէջտեղէն կախուած մըն է։ Կախուած է` իբր խաչեցեալ ու Միւսին պէս, չէ կրցած միւռոնե՛լ խաչագողի երեսը՝ քրիստոնեայ աշխարհին։

 

Պիտակներ՝ , , ,

Տաթև. թռիչքներ երազում և արթմնի

Հիմա, երբ աշխարհս կրկին նեղացել է մոնիտորի էկրանի չափ, երբ հայացքս պատնեշում են քաղաքի աղմկոտ դատարկությունը եզրագծող անվերջանալի շենքերը, առավել ուժգին են ականջիս լսվում վանքի զանգերի սթափեցնող ձայները…ես փակում եմ աչքերս` կոպերովս շոյելով Սյունյաց աշխարհի հրաշք պատկերները, եվ լեռնապարար իմ ուխտի ճամփան կրկին սկսվում է:

Առավոտ լուսո, արեգակն արդար

 Ու՞ր են տանում մեզ ճանապարհները, որոնք մենք ենք  ուղենշել  ինքներս մեզ համար, ի վերջո հասնու՞մ ենք այնտեղ, որտեղ ուզում ենք: Գտնու՞մ ենք այն դրախտը, որ փնտրում ենք. մեր նախագծած դրախտը: Իսկ եթե գտնում ենք, մի՞թե այդ դրախտը պատրանք չէ` անծայրածիր անապատով անցնող մոլորված ճանապարհորդի աչքին թվացող:

Երանի նրան, ով արեգակին դիմավորում է աղոթքով, ով իր ճանապարհը սկսում է օրհնությամբ, ով գնում է Ճշմարտության ճանապարհով, ով այդ ճանապարհը անցնում է սիրով և ուրախությամբ, ով սիրում է այդ ճանապարհին հանդիպածներին, ով միայնակ չի գնում….

Ավտոբուսում տեղս չեմ գտնում ոգևորությունից (երբեմն ինչ քաղցր է սպասումը).

գնում եմ նորոգելու այն, ինչն  ամեն օր անհոգ անփութությամբ քանդում եմ սեփական ձեռքերովս, գնում եմ շատ հեռու…գնում եմ չվերադառնալու հույսով, գնում եմ գտնելու կորցրածս աղոթքը…Գնում եմ Ավետյաց երկիր…

Ավտոբուսի մեջ հարազատ և ոչ հարազատ դեմքեր են: Լույսը բացվել է, նայում եմ ճանապարհին, ուզում եմ կլանել ամեն ակնթարթը, ուզում եմ յուրաքանչյուր պատկերը ներծծվի իմ մեջ, ուզում եմ հավերժ տեսնեմ այն, ինչ տենում եմ հիմա:

  Կեսօր

 -Դատ արա ինձ, Աստվա′ծ, և իրավ արա ինձ դատաստանի իմում:

Երգչախումբը երգում է, պատարագիչ քահանան շարունակում է իր խոսքն ասել, բուրվառում խունկն է ծխում…

Ոչինչ չեմ հասկանում, կոպերս ծանր են մեղքերիս նման, աչքերս փակվում են, ծնկներս այլևս չեն դիմանում մարմնիս ծանրությանը….

Չեմ հեռանում, շարունակում եմ դիմակայել կոպերիս ծանրությանը…չգիտեմ էլ ինչու:

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ,

Որ Էնն Ատված բազմեցավ…

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ: Մի կին ջերմորեն գրկում է ինձ:

—  Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

— Ըզդրունս, ըզդրունս…

Նայում եմ. կինը ծնկաչոք աղոթում է ու լացում: Ի սրտե նախանձում եմ:

Վերջացավ:

Ոչինչ կատարյալ չէ: Ոգևորությունս հետզհետե ցնդում է թեժացող արևի տակ, շուրջս` հիմնականում ոչ հարազատ դեմքեր, սկում եմ չափել, ձևել, դատել…մի՞թե չեմ զգալու այն, ինչ զգացել եմ նախորդ անգամները: Նայում եմ Վանքին. մի′ հանձնվիր: Օտար մարդիկ…գնալով շատանում են, անհեթեթ խոսակցություններ ու ծիծաղ…ուզում եմ վանքը ամուր գրկել ու փախչել…

«Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս

որ պատրատեալ է մեզ ի Տեառնե: Օրհնեալ է Տեր ի պարգևս յուր: Ամեն»:

Հավատով Խոստովանիմ (Ճանապարհ Անապատով)

 Եղել են ժամանակներ, երբ անապատում անդադար աղոթել են, անդադար ստեղծագործել  և  զորուգիշեր  փառք տվել Աստծուն:

Հավատով խոստովանիմ, Եվ երկիր պագանեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ բնություն, Արարիչ հրեշտականց և մարդկան և ամենայն եղելոց, ողորմեա քո արածոց և ինձ` բազմամեղիս:

Այդ վայրերում աղոթքը երբեք չի դադարում….

Մարիամ-Մթնշաղի Անուրջ

 Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկը ծնվում: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկն ուրախանում, որ ծնվեց: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է այդ մեկն սպասում իր ծնվելուն: Նրա հետ սպասե՞լ եք: Երբևէ տեսե՞լ եք կատարյալ սիրո ու ցնծության հանրություն: Ես տեսա…

Քույր իմ, ես խոստանում եմ` այս ճանապարհը մենք միասին կանցնենք:

Գիշեր

 -Արթուն մնացեք և աղոթեցեք,որպեսզի փորձության մեջ չընկնեք

 Երևի դրախտում գիշերներն էսպես կլինեն`մտածեցի: Կլինեն լեռների վրա հազար տարի առաջ կառուցած վանքեր, մենք կքնենք այդ վանքերում` մոմերի նվաղող լույսի տակ, երկու հոգի կերգեն մեզ համար, ինչ-որ մեկը ծալապատիկ կնստի ու կաղոթի ողջ գիշեր, ես կքնեմ…

Ձայների լռեցին,արթնացա: Այս բույրը, այս խենթացնող բույրը, մյուռոնի այս անուշ բուրմունքը…իմ չարտասանված աղոթքն է, Աստծո սերն է, որ ես ամեն վայրկյան զգում եմ այստեղ:

Կիսաքուն պառկած եմ: Ցրտից ու խոնավությունից չեմ կարողանում քնել: Ինչ-որ մեկը իր ծածկոցն է գցում վրաս: Ո՞վ ես, բարի մարդ: Աչքերս փակվեցին…

Արևագալ

 Ես համաձայն եմ ողջ կյանքս արթնանալ առավոտյան ժամը յոթին, միայն թե ինձ արթնանցեն վանքի զանգերը:

Առավոտյան ժամերգություն…իմ ներկա բացակայությունը կամ բացակա ներկայությունը կրկին ակնհայտ է:

Բարև արև, աղոթքս չես բերել, գոնե ջերմացրու ինձ:

Օգնիր ինձ Մարիամ անաղարտ մնալ

 Հայր Սուրբը պատմում է տիրամոր մասին: Երբևէ  ցանկացե՞լ եմ այդան անարատ լինել: Որքան հեռու եմ ես Քեզանից, բայց որքան ուժեղ եմ զգում ես Քո սերը: Սիրտս անհասկանալի բերկրանքով է լցվում, ուզում եմ ամուր գրկել Քեզ: Տիրամայր, միայն դու կարող ես հասկանալ ինձ` մեղավորիս, քո կատարյալ մաքրությամբ: Բոլոր մայրերի մայր, օգնիր ինձ, բարեխոս եղիր իմ և իմ միջև:

Քո առջև եմ ընկնում, Սուրբ Աստվածածին, և աղաչում անաղարտ կույսիդ` բարեխոսիր մեր անձանց համար և աղաչիր Միածին Որդուդ` փրկել մեզ փորձությունից և մեր բոլոր վտանգներից:

 

Աղոթում եմ…

Եթե հիմա ինձ հարցնեն, թե ինչ տեսք ունի սերը, կասեմ` Տիրամորն է նման:

Վերադարձ

 Տաթև գնալուց առաջ Սեյրան սարկավագն ինձ ասաց` “ Աննա ջան, կգնաս Տաթև, կտեսնես Հայր Միքայելին, կհասկանաս, թե ես ինչի եմ սիրում մեր եկեղեցին”:

Մեզ ճանապարհելիս Հայր Սուրբը մոտավորապես էսպիսի մի բան ասաց` հուսով եմ կգնաք մեր հայրենիքի նկատմամբ ավելի խորը սիրով:

Անուշաբույր Վանք հեռանում եմ քեզանից…

…….

 Հիմա նստած մտածում եմ այդ ամենը երազ էր, թե՞ իրականություն: Տարօրինակ ուխտագնացություն էր: Առաջին անգամն է, որ ապրումներս իրենց լրումին են հասնում ոչ թե ուխտագնացության ընթացքում, այլ հետո: Հիմա նստած կարոտում եմ բոլորին…

Ես հաստատ գիտեմ հիմա` անքննելի են Աստծո և Սիրո ճանապարհները: Հիմա մի բան ևս հաստատ գիտեմ` իմ աղոթքի ճանապարհը իմ հայրենի լեռներով ու այդ լեռներում խոնարհ, բայց միևնույն ժամանակ հպարտ կանգնած վանքերով է անցնում, և ես այդ աղոթքի ճանապարհի տերն ու խոնարհ ծառան եմ:

Քրիստոս պատվիրեց.

“Սիրիր քո տեր Աստծոն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով”:

“Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”:

Տաթևում ես զգացի դա: Բայց Տաթևում ես զգացի, որ ևս երկու չգրված պատվիրան կա`

“Սիրիր քո Եկեղեցին քո անձից առավել”

“Սիրիր քո Հայրենի Հողը քո անձից առավել”:

Տաթևում ես հասկացա նաև, որ սերը այն է, երբ առավոտյան արթնանում ես քո վրա ուրիշի հոգատար ձեռքերով գցված ծածկոցների ջերմությամբ պարուրված:

Աննա Բարսեղյան

Հ.Գ. Հուսով եմ Այնտեղ բոլորս միասին կլինենք:

 
 

Պիտակներ՝ , , , ,

Մարիոնետկա

(Եղիշե Չարենց)

Կամաց, կամաց, կամաց, կամաց,

Ոտքերն հողին, հողին, հողին՝

Եկավ-գնաց, եկավ-գնաց,

գունատ, դեղին, գունատ, դեղին:

Ձեռքը շարժեց մեկ վեր, մեկ վար,

Ոտքը խփեց — մեռե՛լ, մեռե՛լ,-

Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,

Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա՛, ահա՜ -թեքվե՜ց, թեքվե՜ց,

Կընկնի՛, կընկնի՛… բայց չէ՛. նայի՛.

Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,

Մնաց մի պահ՝ աչքը մահի:

Ու սո՜ւր ճչաց՝ կարծես բռնի

Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-

Այդպես հոգի՛ս պիտի մեռնի —

Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց…

 

Պիտակներ՝ , ,

ԻՆՉՈ՞Ւ

(ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ)

Ինչու՞, ինչու՞ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ քեզի մե՜ղք էր,
Փոքրիկ
ծոցիդ թիթե՜ռ պետք էր,
Դու
ն ծեր արծիվ մը բանտեցիր:

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապու՜յտ
աղջիկ`պլպուլն երգ էր.
Քեզ
ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն
գուժկան մռունչս ընտրեցիր:

 

Ես կերթամ մի՜շտ,անծայրածի՜ր
Դամբաններ
են ոտքիս հետքե՜ր.
Քեզ
սիրո մեղմ սյու՜ք մը պետք էր,
Դուն
փոթորկի՜ն կուրծքդ բացիր

Կայրին աչերդ սևածիր,
Պիտի
մեռնիս,այդպես մ’երգե՜ր.
Քեզի
փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն
ՍերԱստվածը սիրեցիր

 
1 մեկնաբանություն

Posted by off 1 Հունիսի, 2011 in ԳԵՂԱԴԻՏԱԿ

 

Պիտակներ՝ , , ,

Այսօր կարոտեցի դպրոցս…

Վերջին զանգ

Ուղիղ տասը տարի առաջ այս օրն ավարտեցի Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Տղա ու աղջիկ, ամբողջ դասարանով պետք է բեմ բարձրանայինք, դե գիտեք` օրենք է: Իսկ մենք, քանի որ ծնվել ու դաստիարակություն էինք առել մեր հարազատ Սիսիանի գավառական ու փոքր-ինչ ամոթխած միջավայրում, բնականաբար ամաչում էինք: Մենք ասելով, տվյալ դեպքում նկատի ունեմ ինձ և մեր դասարանի մյուս կտրիճ տղերքին: Որոշեցինք խմել: 2001թ. մայիս 26-ի լույսը դեռ չբացված, ութ «հանցակից» ընկերներով արդեն մեր դասարանում էինք: Ու մինչ քնկոտ օրիորդները կարթնանային, մինչ մայրիկների ու ավագ քույրիկների օգնությամբ կհարդարեին իրենց սքանչելի վարսերը, մինչ կշպարվեին (ոմանք` կյանքում առաջի~ն անգամ) ու բարձրակրունկ կոշիկների վրա հազիվ հավասարակշռություն պահելով դպրոց կհասնեին, մենք արդեն գինոտել էինք մեր ճերմակ տոնական վերնաշապիկներն ու «Լուսնյակ գիշեր» էինք երգում:

Ինչևէ, բեմ բարձրացանք բավական համարձակ, ծափեր ու արցունքներ կորզեցինք բոլորից: Ստացվեց…: Հետո, երբ բեմից իջանք, ու երբ անցավ գինու բերած թմբիրն ու հոգնած կոկորդները դադարեցին «տասի Բ» գոռալուց, անդառնալիորեն հասկացանք, որ «վերջին զանգն» իսկապես հնչել է: Միայն այդ ժամանակ էր, որ սիրելի դասարանցիներից մոտալուտ  բաժանումի գիտակցումն ու անսահման թախիծը խեղդեցին կոկորդս…

Ուղիղ տասը տարի է անցել…: Այդ օրվանից ի վեր աշխարհում շատ բան է փոխվել: Այս տարի նույնիսկ շրջանավարտներ չկան. տարօրինակ կերպով, ոչ ոք այս տարի դպրոցը չի ավարտելու: Փոխվել եմ և ես, փոխվել են դասընկերներս: Խոսքիս ավելի բանաստեղծականություն տալու համար` ասեմ, որ ուսուցիչներս էլ ծերացել են (չնայած որ վաղուց նրանց չեմ տեսել)…

Այսօր հարազատ դպրոցս հիշեցի… Կարոտեցի բոլորին. նույնիսկ մեր հավաքարար «բաժակ նայող» Ծաղկուշին ու տնտեսվար Արշավիր պապիկին: Հիշեցի նաև մեր դասարանի թիվ մեկ «պատվիրանը» (եթե անկեղծ լինենք` սա սովետական և հետսովետական դպրոցներում սովորած բոլոր աշակերտների պատվիրանն է). «Եթե բոլորը դասից փախչում են, դու նույնպես պարտավոր ես փախչել: Նա, ով դասարանի հետ չի փախչում, դավաճան է»: Չգիտեմ, ինչու սա ևս հիշեցի. երևի կարոտից է…

Իսկ «վերջին զանգն» այս տարի, այնուամենայնիվ, չի հնչելու…

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝ , ,

Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի Պայծառակերպության մասին քարոզը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբան Գերշ. Տ. Սահակ եպս. Մաշալյանը խոսում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության մասին (ժողովրդական անվանումը` Վարդավառ) :
Ահա Պայծառակերպության դրվագը Ավետարանում.
1Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ 3Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։ 4Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»։ 5Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ 6Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան։ 7Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»։ 8Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան։9Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»։ (Մատթեոս ԺԷ 1-9)

Պայծառակերպություն, Վարդավառ, մաս 1

Պայծառակերպություն, Վարդավառ, մաս 2

Պայծառակերպություն, Վարդավառ, մաս 3

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝ , , , , , , , , , , , ,

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Հովհաննես Թումանյան)

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր

Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,

Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը

Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

 

Պիտակներ՝ ,

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԱՂՋԻԿԸ

(Ֆիլիպ Տոպոլ)

Դու հեռացումի աղջիկն ես,
քեզնից ճանապարհի հոտ է փչում,
գնացք ես, ինքնաթիռ, նավ ես կամ քամի,
եկել ես ու կհեռանաս:
Մեր միացումը մի փոքրիկ ռեքվիեմ էր:
Տերևներն ընկնում էին, արևը կուրացնում էր,
իսկ քաղաքը կանգնել էր հսկումի:
Այդ պահին չէի կարող ու չէի ուզում տեսնել ոչ ոքի,
փակվել էի ինքս իմ մեջ,
իսկ դու հեռվում էիր,
գլուխդ օրորելով զանգահարում էիր:
Քո այդ հեռվում դու թևեր ես ունեցել,
շողշողուն թևեր.
հրաշք կլիներ` գլուխս դնել այդ թևերի վրա,
բայց դու հեռացումի աղջիկն ես,
ու մեր միացումը մի փոքրիկ ռեքվիեմ էր:
Դու հիմա այստեղ չես,
ու ես վերադառնում եմ անվերջ այդ տոնին,
այդ տարօրինակ ներդաշնությանը,
որ փշրվում էր օդում,
ինչպես տերևն է օրորվելով ընկնում:
Հուսով էի, որ չի հնչի ռեքվիեմը,
որ չեմ հասցնի մոմ վառել անգամ
իմ գերեզմանին.
չեմ հասցնի, ո’չ,
բայց քեզ համար կվառեմ.
քո հաջորդ հարսանիքին,
քո հաջորդ քաղաքում,
քո հաջորդ հեռախոսազանգում,
քո հաջորդ ռեքվիեմում,
քո հաջորդ հեռացման մեջ…

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 

Պիտակներ՝ , , ,

Քնի’ր, սիրելիս

(Ժակ Բրել)

Քնիր, սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը փակող ծաղիկների վրա
Եվ թռչունը որ երգելու է այգաբացին
Ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
Նորից միայնակ կլինենք
Եվ դու ինձ կորցրած կլինես
Ես ունեի քո քնքշանքի կարիքը
Իսկ դու փոխանակ
Դեպի ինձ թեքվելու պարզորեն
Ինձանից ավելի ուզեցիր
Մահու չափ ձանձրալի
Հավերժական երջանկություն
Գտնելու համար
Աղջիկները որոնց սիրում ենք
Չեն հասկանա երբեք
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են
Մեր վերջին բախտը
Մեր վերջին թռիչքը
Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
Քնիր սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 

Պիտակներ՝ , , ,