RSS

Category Archives: ՄԱՆԱՆԱ ծրագիր

Այստեղ կարող եք գտնել ամեն ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական ծրագրի մասին

ՄԱՆԱՆԱ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Քաղցր-քաղցր «ՄԱՆԱՆԱ» :)

Ստորև ներկայացնում ենք Շողակաթ հեռուստաընկերության լրագրող Նշան Աբասյանի պատրաստած տեսանյութը և լուսանկարիչ Վիտալի Դանիլովի կողմից տրամադրված լուսանկարները «Մանանա» ծրագրի երկրորդ տարեդարձի առիթով Արարատյան Հայրապետական Թեմի Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում կազմակերպված «Տիրոջն է փառքը» խորագրով ցուցահանդեսի վերաբերյալ:

This slideshow requires JavaScript.

 

Պիտակներ՝ , , , , , , ,

«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ ծրագրի մասին

2011թ. սեպտեմբերի 30-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկրության «Բարև Երկիր» հաղորդաշարի տաղավարում «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի կազմակերպիչ Սեյրան սարկավագ Ղազարյանը մանրամասներ է ներկայացնում ծրագրի գործունեության մասին:

Այս մասին տե’ս նաև այստեղ:

 
 

Պիտակներ՝ , , , , , ,

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԸ…

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունում իրարանցում էր: Փոքրիկ դահլիճի երեք ջահերը համաչափորեն ճոճվում էին: Տեսարանը չափազանց դրամատիկ էր, իսկ այդ պահին գլխումս ծագած բոլոր մտքերը` միանշանակ ողբերգական… Հապաղելով, ծուլորեն, անգամ ժպտալով ու միմյանցից նրբանկատորեն թաքցնելով սեփական ներաշխարհում տիրող խուճապը, դուրս եկանք մաքուր օդի: Թեթևակի գլխապտույտ զգացի. նույն պահին լսեցի աղջիկներից մեկի ձայնը. «երեխերք, գլուխս ֆռռում ա…»: Հիշեցի, որ նման բաներն օրինաչափ են: Մեղքս ումի՞ց թաքցնեմ. եկեղեցու բակից սկսեցի զննել այդ տարածքից երևացող բաձրահարկ շենքերը. «Տեսնես ինչ-որ տեղ ողբերգություն եղե՞լ է…»:

Բանն այն է, որ երեկ` 2011թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 15.40-ի մոտակայքում «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում գրանցվեց առաջին երկրաշարժը:

Հիշեցի, որ կինս իր բոլոր հորաքույր-մորաքուրների և նրանց դուստրերի հետ մեր տանն է: Պատկերացրեցի, թե ինչպես են  աստիճաններով իջնում` բղավելով ու ճչալով: Անմիջապես զանգահարեցի. իմ երևակայած կանացի աղմուկն արդարացված էր:

Երբ երիտասարդներին առաջարկեցի եկեղեցի մտնել ու աղոթել` ինձ թվաց թե ոչնչով չեմ տարբերվում վաղամեռիկ Կիկոսի պապից, երբ իր «ոչնչից դժբախտացած» դուստրերին հրավիրում էր «քելեխ ուտելու»:

Տեր Հոր կարդացած «Պահպանիչը»` եկեղեցու բարձրիկ գմբեթից կախված, դեռևս համառորեն ճոճվող ջահի ու շորորացող կանթեղների ներքո` օրվա հիմնական դասն էր… Եվ աղոթքի այդ պահին այնքան խտացած կարոտ ու ջերմություն կար տագնապած մեր սրտերի ու Սուրբ Խորանի հանդիպման մեջ, մեր աչքերի խորքում անթեղված վախի ու Տիրամոր լուսե աչքերի մեջ…

Հ. Գ.
 ինչպես քիչ անց իմացանք` աղետը 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր, էպիկենտրոնը` Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի մոտակայքում: 
 

Պիտակներ՝ ,

ԲԱՐԵՎ ԵՐԿԻՐ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկրությունը «Բարև Երկիր» հաղորդաշարի տաղավար էր հրավիրել «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի կազմակերպիչ Սեյրան սարկավագ Ղազարյանին` ներկայացնելու ծրագրի գործունեությունը: Հեռուստաըներությունը նաև փոքրիկ հոլովակ էր պատրաստել «Մանանայի» մասին, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը և նյութը ներկայացնում բլոգն ընթերցողներին: (Նյութը գողացել եմ http://manana-blog.blogspot.com-ից):

Իմ կողմից առանձնահատուկ շնորհակալություն Իրինա Մկրտչյանին` այս հիանալի տեսահոլովակը պատրաստելու, ինչպես նաև ինձ «Բարև երկիր» հաղորդաշարի տաղավար հրավիրելու համար: Միայն ափսոս, որ հարցազրույցի տեսագրությունը չունեցա…

 
1 մեկնաբանություն

Posted by off 18 Հոկտեմբերի, 2011 in ՄԱՆԱՆԱ ծրագիր

 

Պիտակներ՝ , , , ,

ԱՍՏԾՈ ՀՐԱՇՔԸ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցին

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից դահլիճում սեպտեմբերի 11-ին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի քննարկման նյութը Բորոտի և հարյուրապետի ծառայի բժշկումների մասին ավետարանական հատվածների մեկնությունն էր /Մատթ. Ը 1-22/, թեմայի բանախոսը` Մայր Աթոռի միաբան Վարազդատ սարկավագ Քոչարյանը: Այս ուշագրավ հանդիպումը նախորդներից տարբերվում էր նրանով, որ քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Տիրոջ կողմից մեր օրերում կատարված բժշկություններին: Հանդիպմանը հրավիրված էր նաև լրագրող Հասմիկ Բադալյանը, որը «Մանանա»-յի մասնակից երիտասարդներին ներկայացրեց իր բալիկի` Արմենի և իրենց ընտանիքի հետ դեռևս 2008թ.-ին կատարված հրաշալի պատմությունը:

Թե ինչպիսի հոգևոր զգացողություն էր ինձ մոտ, կարող եք դատել` ընթերցելով Հասմիկ Բադալյանի` ստորև ներկայացվող հոդվածը, որը ժամանակին հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» թերթի 2008 հունիս Ա, թիվ 11համարում:

ՎԿԱՅԵՆՔ ՔՈ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երորրդ բալիկս` Արմենը, համարյա 4 ամսական էր , երբ պատվաստման նպատակով այցելեցինք մանկական պոլիկլինիկա: Ծանր հղիությունից և հետծննդյան բարդություններից հետո վերջապես վայելում էի հոգեկան խաղաղություն, մանավանդ որ որդիս, ի տարբերություն դստրիկներիս, անսովոր հանգիստ էր: Ի դեպ , նրան մկրտել էինք 8 օրականում` Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում: Ես ներկա չէի մկրտությանը , քանի որ իմացա` քառասունքի մեջ գտնվող կինը չի կարող մտնել եկեղեցի: Ինձ փոխանցեցին , որ Տ. Տիրան քահանա Առուշանյանը խոստովանել էր, որ իր երկարամյա քահանայության ընթացքում առաջին անգամ էր 8 օրական երեխայի մկրտում : Ի դեպ, նույն եկեղեցու քահանա Տեր Գաբրիելն ամիսներ առաջ կտրականապես և արդարացիորեն հանդիմանեց ինձ ` երեխայի ծնվել չծնվելու տատանումներիս համար , քանի որ բժիշկները կանխորոշել էին երեխայի սեռը , այն է ` աղջիկ , իսկ ես երկու աղջիկ ունեի և կամենում էի դադարեցնել հղիությունը : Փառք Աստծո .տեր հայրը փրկեց իմ զավակին…
Փոքրիկս մեծանում էր, ու մենք երջանիկ էինք. մտքովս չէր անցնում, որ մանկական պոլիկլինիկա այցելությունը տակնուվրա կանի մեր կյանքը: Նյարդաբանը երեխային զննելիս հետևություն արեց, որ երեխան հայացքով չի հետևում մեկնված առարկաներին և տարբերակում է միայն լույսն ու ստվերը: Հողը երերաց ոտքերիս տակ: Մինչ այդ երեխայի պասիվությունը հիմնականում վերագրում էինք նրա «դնջությանը», մինչդեռ պարզվեց, որ նրա համար քնելն ավելի հարմար էր, քան լարվելով որևէ բան տեսնելը: «Լույս ու ստվեր» բառերը թեև արդեն սկսել էին իրենց ավերիչ գործը, սակայն հույս էի փայփայում, որ նյարդաբանի բժշկական եզրակացությունը կժխտվի: Նույն օրը եւեթ մեր հանրապետության հեղինակավոր ակնաբուժական կենտրոններից մեկում երեխային զննեց հայտնի ակնաբույժը, հարմար չեմ գտնում հիշատակել նրա անունը: Եզրակացությունն անխնա էր. երեխայի աչքի տեսողական նյարդն ի ծնե թույլ էր զարգացած: 
Հասկանում էի, որ դա լուրջ առողջական խնդիր է, եւ բժիշկն էլ բացատրեց, թե որքան մեծ համբերություն եւ ուժ է հարկավոր երեխային այսուհետ խնամելու համար, քանի որ տեսողական նյարդը չի վերականգնվում, եւ պետք է ամեն կերպ պաայքարել գոնե եղածը պահպանելու համար: Դա նշանակում էր, որ իմ բալիկը չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել, դպրոց գնալ, ապրել…
Հիշում եմ` միջանցքում նստած դողում էի, աշխարհը խավարել էր, հուսահատությունը ներթափանցել էր ոսկորներիս մեջ, քայլել չէի կարողանում: Իմ վիճակը տեսնելով` բուժքույրը փորձեց ինձ մխիթարել. «Քո երեխան թեպետ թույլ, բայց կտեսնի, բա ես խեղճն ինչ ասի` երեխան լրիվ կույր է»: Գլուխս թեքելով տեսա մի պատկեր, որը մեկընդմիշտ մեխվեց հիշողությանս մեջ: Կողքիս մի ջահել կին կրծքով կերակրում էր երեխային, արցունքները հոսում էին նրա աչքերից եւ թափվում երեխայի դեմքին: Իր ցավով տարված` նույնիսկ փորձ էլ չէր անում դրանք մաքրելու: Նոր էին նրան ասել, որ երեխան կույր է, ամբողջովին կույր: Ես չէի հասկանում, թե ինչպես կարող էր կուրծք ուտող երեխան… կույր լինել:

Դժվար է պատկերացնել այն ծնողի տառապանքը, որի մանուկը կույր է, որովհետեւ այդ ծնողն ինքն այլեւս չի ուզում տեսնել արեւածագը…
Մայրս, իմ բարի, Տիրամոր ձեռքը համբուրած մայրս թույլ չտվեց ինձ կոտրվել, ասաց. «Որքան թերանաս հավատիդ մեջ, այնքան երեխայի վիճակը վատ է լինելու, եւ ընդհակառակը` որքան երեխայի հետ զբաղվես, խաղաս, անընդհատ զբոսնելու տանես, վարժություններով «տանջես», վերաբերվես որպես առողջ երեխայի եւ վստահես քո Տեր Աստծուն, այնքան ավելի լավ: Հասկանո՞ւմ ես, սա պատերազմ է, եւ մենք պիտի չպարտվենք, որքան շատ լացես, այնքան չարը կհզորանա, որքան շատ հուսահատվես, չարն այնքան շատ կվնասի: Թուլյլ մի տուր, որ վախն ու կասկածը հաղթեն քեզ: Հենց թույլ տվեցիր, ուրեմն պարտված ենք»:

Գեղարդավանք

Գեղարդավանք

Մորս խոսքերից սրտապնդվում էի, սակայն բավական էր, որ նա հեռանար…
Մի օր մայրս ասաց. «Վաղը գնում ենք Ս. Գեղարդ, Զոհրապն ինքն է առաջարկել մեզ տանել: Զոհրապը մեր հարեւանի տղան է, պետհամալսարանը կարմիր դիպլոմով ավարտած, այժմ Ֆիզիկայի պրոբլոմների ինստիտուտի ասպիրանտ է»: Մայրս ամբողջ ճանապարհին աղոթում էր: Ս. Գեղարդավանքում ոչ ոք չկար, ասես, դա մեր օրն էր. մայրս ու 10 եւ 12 տարեկան աղջիկներս չոքել էին խորանի առաջ, որդուս բարուրը դրել Տիրամոր պատկերի տակ եւ երեքով աղոթում էին: Մայրս արցունքն աչքերին խնդրում էր. «Տե’ր, դու կատարյալ ես եւ մարդուն կատարյալ ստեղծեցիր, իմ Արմենին էլ կատարյալ դարձրու, Տե’ր, դու լույս ես, մի՞թե քո լույսից իմ թոռնիկին չես տալու, մի՞թե իմ բալիկին խավարի մեջ ես թողնելու, Տե’ր, վերցրու իմ աչքերի լույսը, տո’ւր իմ բալիկին»…
Գեղարդավանքի բոլոր անկյուններում, բոլոր խցերում աղոթում էինք: Քիչ հետո վանք մտավ Գեղարդում սպասարկող Հայր Սուրբերից մեկը, որի խնդրանքով անունը չեմ հիշատակում: Մայրս մոտեցավ նրան եւ պատմեց այստեղ գալու մեր նպատակը եւ խնդրեց աղոթել երեխայի համար: Հայր Սուրբը գնաց եւ զգեստափոխված վերադարձավ, ձեռքը դրեց փոքրիկ Արմենիս գլխին եւ ասաց. «Տեր, ինչպես քո առաքյալներին էիր տվել բուժելու շնորհը, այդպես էլ իմ` մեղավորիս ձեռքով բժշկիր քո ծառա Արմենին, որպեսզի մեծանա եւ ամբողջ կյանքում վկայի քո Աստվածության մասին»:

Ապա կարդաց մի աղոթք, որն ինչպես հետո պարզեցի, Նարեկացու Մատյանի ԽԱ (41) գլխից էր: Այդ պահին երեխան ուժեղ ճչաց եւ սկսեց լաց լինել, հետո հանգստացավ: Հայր Սուրբը մեզ հանձնարարեց փոքրիկի աչքերը խաչաձեւ լվանալ վանքի ներսից բխող ջրով, սակայն կարծես մեզ չվստահելով, մեր ետեւից եկավ, գրկեց երեխային եւ աղոթքով լվաց նրա աչքերը, այնուհետւ մի փոքրիկ խաչ օծեց եւ նվիրեց որդուս` խնդրելով, որ այն ագուցենք գլխարկի վրա: Հետո շրջվեց եւ ասաց. «Աստված մեռելներին է հարություն տալիս, մի աչքն ի՞նչ է, որ չբուժի, գնացեք, Աստված ձեր հավատքի չափով ձեզ կտա»: 

Կույրի բժշկումը

Կույրի բժշկումը

Արդեն Երեւանի ճանապարհին, երբ որդիս բացեց աչքերը` հայացքի պարզությունն ակնհայտ էր, ասես, Հայր Սուրբը բալիկիս ամենազորավոր դեղն էր տվել, իսկ մենք էլ պետք է աղոթքով պահեինք դրա լիակատար ազդեցությունը: Օր-օրի ուրախությամբ տեսնում էինք երեխայի` ավելի աշխույժ դարձող հայացքը, մեկնված առարկաների նկատմամբ հետաքրքրությունը: Մեկ ամիս հետո որոշեցինք երեխային ստուգման տանել: Բժիշկներից մեկը, զննելով երեխային եւ հայտնելով, որ տեսողական նյարդը զարգացել է, անակնկալի եկած հարցրեց. «Էս ի՞նչ եք արել»: Եվ երբ լսեց Գեղարդի մեր պատմությունը… բուժումը վերագրեց նյարդաբանի նշանակած միզամուղներին: Ինչպես ասում է մայրս, եթե  կուրությունը միզամուղներով բուժվեր, աշխարհում կույր մարդ չէր լինի:
Սակայն այնքան մեծ էր բժշկի ուրախությունը, որ դրանից իսկ կարելի էր եզրակացնել դեպքի անսովոր լինելը, իսկ երկրորդ` 50-ամյա աշխատանքային փորձ ունեցող ակնաբույժը, որը մինչ այդ զննել էր երեխային երկու անգամ, ասաց, որ եթե նյարդը զարգացած չի լինում, տեսողությունը հակված է ավելի շատ անկում ապրել, եւ շատ քիչ է պատահում, գրեթե անհնար է, որ նյարդն ինքն իրեն զարգանա: Համենայն դեպս, ինչպես նա նշեց, նման դեպք իր պրակտիկայում չի եղել: Ավելորդ անհանգստություններից խուսափելոի համար չեմ նշում նրանց անունները:
Այդ հաղթական օրը մենք ամբողջ ընտանիքով փառք տվեցինք Աստծուն եւ երկար աղոթում էինք: Հետո մայրս ականջիս շշնջաց. «Գիտե՞ս, Գեղարդում շշնջացել եմ. «Տե’ր, բուժիր Արմենին եւ թող հետո նա քո ծառան դառնա, Հայր Սուրբի նման մեկ այլ տատիկի էլ նա մխիթարի»: Եթե չհասցնեմ ինքս նրան ասել, դու փոխանցիր Արմենին իմ խոստումը, մնացածը թող ինքը որոշի»:

Իսկ ես ամեն օր որդուս օրորելիս հայացքով հետեւում եմ նրա վերմակի վրա դրված Նարեկացու աղոթքին, որի տակ գրիչով գրել եմ Հայր Կ-ի խոսքերը. «…որ ամբողջկյանքում վկայի քո աստվածության մասին»: Ապաքինված որդուս տեսնելով` իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց` բոլորին, ովքեր օգնեցին ինձ ճանաչելու Տիրոջը, զգալու Նրա եւ Նրա միջոցով  մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու , մեր հոգեւորականների, Նարեկյան աղոթքի զորությունը … Այս ամենը տեսնելով եւ այս ամենից դաս առնելով` առաջին անգամ սկսեցի աղոթել մեր եկեղեցու եւ հոգեւորականներիկ համար, որովհետեւ առավոտը մեզ վրա բացվում է նաեւ նրանց աղոթքների շնորհիվ:
Ես ամեն առավոտ ` արեւածագի հետ համբուրում եմ որդուս քաղցր դունչիկը եւ ցույց տալին նրան երկինքն ու երիկիրը, արեւն ու լույսը եւ ի խորոց սրտի ասում. «Փառք քեզ , Տե’ր»:

 
 

Պիտակներ՝ , , , , , , , , ,

«Ռեմա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտում «Մանանա» ծրագրի շրջանակներում

«Ռեմա» ֆիլմի վերնագիրը կարդալուց հետո առաջին միտքը, որ ունեցա հետևյալն էր. «Աղանդավորներն էլի պարապությունից կինո են նկարել»: Եվ քանի որ ֆիլմի վերնագիրը կարդացել էի սանուհուս` Հասմիկի ֆեյսբուքյան էջում, հենց նրանից էլ փորձեցի ճշտել մանրամասներ: Հասմիկն ինձ ուղարկեց ֆիլմի մտահղացման հեղինակ և սցենարիստ Ատակ Կոլյանի ԱնՅանգիստ բլոգի լինքը, որտեղից էլ ճշգրիտ տեղեկությունններ քաղեցի այդ ֆիլմի մասին:
Արտակի բլոգում գտա նաև ֆիլմի թրեյլերը, որն ինձ շատ հրապուրեց: Խնդրեմ, կարող եք հրապուրվել և ինքներդ:

Ինչևէ, խոսքս, իմ սովորության համաձայն, չերկարացնելու համար, ասեմ, որ  «Ռեմա» ֆիլմին ծանոթանալուց հետո, որն ամենևին էլ կապ չունի համանուն աղանդավորական կազմակերպության հետ, ցանկություն ունեցա ֆիլմի դիտում կազմակերպել «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում:

Արդյունքում, անցյալ կիրակի, այսինքն` երեք օր առաջ, ֆիլմի ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի և սցենարի հեղինակ Արտակ Կոլյանի մասնակցությում, տեղի ունեցավ ֆիլմի դիտումը և քննարկումը: Ի դեպ, ինչպես ԱնՅանգիստ բլոգը պրպտելիս պարզաբանեցի, «Մանանա»-յի շրջանակներում կազմակերպված այս փոքրիկ ցուցադրությունը «Ռեմա»-յի երկրորդ հրապարակային ցուցադրությունն էր: Չնայած, որ տեխնիկական ու, խոսքը մեր մեջ, նաև թափթփվածության պատճառներով, ֆիլմը սկսեցինք դիտել գրեթե մեկ ժամ ուշացումով. իսկ այդ ընթացքում ես մի քանի անգամ, ինչպես ասում են`«գնացի էն աշխարհ, հետ եկա», այնուամենայնիվ ֆիլմի թողած դրական տպավորությունն աննկարագրելի էր: Իսկ քննարկումը ֆիլմի երիտասարդ հեղինակների հետ, անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Դիտենք մի քանի նկարներ.

Համառորեն չմիացող հեռուստացույց

Համառորեն չմիացող հեռուստացույց

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

«Ռեմա»-յի հեղինակներն համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

«Ռեմա»-յի հեղինակները համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

Հանդիպման վերջին կադրը

Հանդիպման վերջին կադրը

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն :)

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն 🙂

Մեկ անգամ ևս, «Մանանա» ծրագրի մասնակից երիտասարդների անունից շնորհակալություն հայտնելով  Դավիթ Ներկարարյանին և Արտակ Կոլյանին` մաղթում եմ, որ Աստծո օրհնությունը նրանց կյանքում առատ լինի, որպեսզի շարունակեն իրենց ստեղծագործական աշխարհով հիացմունք պատճառել շատերին:

Չգիտեմ, թե ով ինչ քաղեց ֆիլմից և մեր երիտասարդ երկու հյուրերի հետ ունեցած մտերմիկ զրույցից, սակայն ես մի բան շատ լավ հասկացա, որ այս ֆիլմում ներկայացված երկու «մերօրյա պատմիչները»` Արևշատն ու քույր Սոխակը` իբրև բանավոր ավանդության կենդանի կրողներ, իրենց տեսակի մեջ չկրկնվող ու եզակի մարդիկ են:

Արևշատը` իբրև գեղջկական իմաստության խտացում, «քյավառա» բարբառով կարող է կարդալ ու բացատրել Նորադուզի հռչակավոր խաչքարերի ամենաանբացատրելի թվացող զարդաքանդակներն անգամ: Նա կարծես ծնվել է մարդկանց թարգմանելու խաչքարերի լեզուն… Իսկ քույր Սոխակը, ասես ծնված հնամյա Սանահինի խոնավ պատերի աղոթքներից, նման միջնադարյան մենաստաններում թրծված ասացողներին, դեմքի հատուկ միստիկական խաղաղությամբ ու հանդարտությամբ, ներկայանում է իբրև հավատքի և ասքի ճշմարիտ ու անսպառ մի ներդաշնություն:

«Ռեմա»-ն, որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է «կենդանի խոսք», երբեք չկորսվող արժեք է: Եվ միշտ հայրենի մեր հագեցած հողը կծնի կենդանի խոսքի աղբյուրներ… Այս արևի ներքո միշտ կլինեն սակավաթիվ, բայց կենդանի խոսքը կրող մարդիկ, ինչպես այս ֆիլմում Արևշատն ու քույր Սոխակն են` հայ բազմադարյա բանավոր ավանդության առասպելական գանձապարահանները…

 

Պիտակներ՝ , , , , , , ,

Իսկական տոն, որ մեզ պարգևեցին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի մասնակից երիտասարդները

2011թ. մայիսի 7-ին Երևանի Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի Սուրբ Գայանե վանքի խմբի կազմակերպած ներկայացում-բեմադրությունը` նվիրված Սուրբ Հարության տոնին: Այն, ինչ ներկաները վայելեցին, աննկարագրելի հռճվանք և հուզմունք պատճառեց ամենքին:

Բանն այն է, որ Էջմիածնի Ս. Գայանե վանքում անցյալ տարվա սեպտեմբեր ամսից Արթուր սարկավագ Սարգսյանի կողմից իրականացվում է «Մանանա» ծրագիրը: Էջմիածնում և Երևանում ապրող երիտասարդ տղաներն ու աղջիկները ծրագրի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու նախ միմյանց, ապա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների հետ: Ստեղծված ջերմ ու բարեկամական մթնոլորտում ամեն շաբաթ հետաքրքիր մի նյութի շուրջ քննարկում են ունեցել, մասնակցել ուխտագնացությունների և այլ միջոցառումների: Եվ այսպես ինն ամիս շարունակ… Հայտնի է, որ շատերն առաջին անգամ հոգևոր այս զրույցների ժամանակ են անդրադարձել իրենց և Աստծո հարաբերություններին: Առաջին անգամ մտածել իրենց հավատքի մասին: Եվ ինն ամիսը, բոլորին է հայտնի, բավական ժամանակ է, որ մարդ կարողանա ծնունդ տալ նոր կյանքի: Այդ օրը երիտասարդներն ինն ամսվա ամբարած հոգևոր գիտելիքները կյանք դարձրած` Նարեկացի արվեստի միության փոքրիկ բեմից վերադարձրին մարդկանց` իրենց ծնողներին, հարազատներին և Աստծուն: Այդ օրն ասես Ս. Գայանե վանքի երիտասարդները հաշվետվություն էին տալիս աշխարհին:

Բեմի վրա նախ խառնաշփոթ էր, որովհետև Սերը (Գոհարիկ), Խաղաղությունը (Անահիտ), Առողջությունն (Շուշան) ու Կյանքը (Քրիստինե) վիճում էին միմյանց հետ, թե իրենցից ով է ամենակարևորը` ամենամեծը… ճիշտ այնպես, ինչպես ժամանակին առաքյալները…: Քիչ անց, սակայն, բեմի վրա հայտնվեց Ճշմարտությունը (Աստղիկ) և կռվարար աղջիկներին բացատրեց, որ նրանք վիճաբանելու փոխարեն պետք է հանդես գան միասնաբար և դառնան կատարելություն:

Աստղիկն օգնության  կանչեց առաքինություններին և բավական ջանքեր թափելուց հետո կարողացավ հաշտեցնել կռվարար քույրիկներին:

Իմաստությունը Սոսեն էր, Խոնարհությունը` բեմի միակ տղամարդը` Մանվելը, Թամարան` Ազնվությունն էր, Սիրանուշը` դատավորի մուրճով Արդարությունը, իսկ Մարինեն` Բարությունը: Այս առաքինությունները վիճաբանող քույրերին մարդկային լեզվով  պատմեցին Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք ասացին, որ Սերը, Խաղաղությունն, Առողջությունն ու Կյանքը առանձին-առանձին չեն կարող փրկել մարդուն, մարդուն կարող է փրկել միայն Աստված` Հարուցյալ Քրիստոսը:

Բայց ավելի լավ է ինքներդ դիտեք Արթուր սարկավագի հեղինակած այս փոքրիկ պատմությունը, որը մարդկությանը հայտնի ամենահին ու հանճարեղ սցենարի մի յուրօրինակ վերաներկայացումն է, սցենար, որ հեղինակել է նույն ինքը` Երկնքի և Երկրի Արարիչը, մեզ փրկելու և հավիտենական կյանքի արժանացնելու համար:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 

Պիտակներ՝ , , , , ,

ՄԱՆԱՆԱ ծրագրի մասին

Մերի Միքայելյանի հեղինակած տեսանյութը պատմում է «Մանանա» ծրագրի մասին («Երկիր Մեդիա» հ/ը «Անկախության սերունդ» հաղորդաշար):

«ՄԱՆԱՆԱ»-ն երիտասարդական-քրիստոնեական ծրագիր է, որն իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով:

ԸՆԹԱՑՔԸ — Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ամենշաբաթյա հանդիպումներ հոգևորականների հետ, երիտասարդական-արդիական խնդիրների քննարկում, հարց ու պատասխան: Հաճախակի կազմակերպվում են նաև ուխտագնացություններ:

ՆՊԱՏԱԿԸ — օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն, ծանոթանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին և ավանդույթներին, ինչպես նաև արդիական հարցերի վերաբերյալ արտահայտելու սեփական կարծիքը:

ՎԱՅՐԵՐ — Ծրագիրը ներկայումս իրականացվում է

1. Էջմիածնի Ս. Գայանե վանքում,
2. Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքում,
3. Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում,
4. Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում,
5. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում,
6. Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում,
7. Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
8. Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Հանդիպումները հիմնականում կազմակերպվում են եկեղեցիներին կից դահլիճներում:

ՁԵԶ ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Տեղեկատու հեռախոսներ`
095 106-112 Սեյրան սարկավագ,
093 888-750 Արթուր սարկավագ,
055 517-365
010 517-365 Արսեն սարկավագ:

Եթե ցանկանում եք պարբերաբար տեղեկություններ ստանալ «ՄԱՆԱՆԱ» ծրագրի հանդիպումների և թեմաների մասին, միացեք Ֆեյսբուքի այս խմբին`

ՄԱՆԱՆԱ ծրագիր

Տեղեկություններ կարող եք ստանալ նաև Ձեր էլ.հասցեի միջոցով, եթե Ձեր էլ.հասցեից ՄԱՆԱՆԱ բառն ուղարկեք manana.info@gmail.com էլ հասցեին:

«ՄԱՆԱՆԱ» ծրագրի առաջիկա հանդիպումների թեմատիկ ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ բլոգերում.

www.spasavor.blogspot.com
www.abasyan.wordpress.com
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 

Պիտակներ՝

ՄԱՆԱՆԱ ծրագիրը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում

Յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 18:30-ին երիտասարդների համար հետաքրքիր և ակտուալ թեմաների վերաբերյալ ՄԱՆԱՆԱ ծրագրի շրջանակներում քննարկումներ են կազմակերպվում Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Այդ մասին է պատմում Շողակաթ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը:

«Մոլություններ և կախվածություն» թեմայի քննարկմանը մասնակցում էին նաև  ոչ ավանդական սեռական վարքագծի կողմնակիցներ:

Սուրբ Գրքի դիրքորոշումը հստակ է. Աստված ընտանիք ստեղծելիս չօգտագործեց Ադամ+Ադամ, ոչ էլ Եվա+Եվա բանաձներից և ոչ մեկը:

Աստված օրհնեց Ադամին ու Եվային` ասելով աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝

ՄԱՆԱՆԱ ծրագիրը Ս. Գայանե վանքում

Շողակաթ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը պատմում է Ս. Գայանե վանքում ամեն շաբաթ ժամը 14:30-ին իրականացվող «Մանանա» ծրագրի մասին:

Բոլոր երիտասարդները կարող են մասնակցել այս հետաքրքրաշարժ ծրագրի քննարկումներին և իրենց հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Ահա, թե ինչպես անցավ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ մասին քննարկումը.

 

Պիտակներ՝ ,