RSS

Monthly Archives: Սեպտեմբերի 2011

«ՄԱՆԱՆԱ» ծրագրի առաջիկա քննարկումները

MANANA program

Սիրելի’ երիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Սեպտեմբեր 28, չորեքշաբթի, ժամը 19:00

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

թեման` «Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏՔԸ. ՀԱՎԱՏԱՄՔ»

բանախոս` Գևորգ սարկավագ Ալավերդյան

Սեպտեմբեր 29, հինգշաբթի, ժամը 19:00

Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի

թեման` «Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏՔԸ. ՀԱՎԱՏԱՄՔ»

բանախոս` Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Սեպտեմբեր 29, հինգշաբթի, ժամը 18:30

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանք

թեման` «ԹՎՈՑ ԳԻՐՔ. կառուցվածքը, բովանդակությունը, աստվածաբանությունը»

բանախոս`Նարեկ սարկավագ Պետրոսյան

Հոկտեմբեր 1, շաբաթ, ժամը 13:30

Էջմիածնի Ս. Գայանե վանքին կից սրահ

թեման` «ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՁԸ»

բանախոս` Տ. Մարկոս քահանա Մանգասարյան

Հոկտեմբեր 2, կիրակի, ժամը 14:30

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` «ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ» (Մաս Ա)

բանախոս` Լևոն սարկավագ Երնջակյան

Հոկտեմբեր 2, կիրակի, ժամը 14:30

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից սրահ

թեման` «ՄԱՏԹԵՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ, ՎԵՃ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (Մատթ. Թ 9-17)

բանախոս` Արթուր սարկավագ Սարգսյան

Հոկտեմբեր 2, կիրակի, ժամը 15:00

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` «ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ»

բանախոս`Արտակ սարկավագ Ղևոնդյան

 

ՄԱՆԱՆԱ ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացիր Ֆեյսբուքի մեր խմբին` ՄԱՆԱՆԱ ծրագիր

 

Պիտակներ՝ , , , , ,

ԱՍՏԾՈ ՀՐԱՇՔԸ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցին

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից դահլիճում սեպտեմբերի 11-ին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի քննարկման նյութը Բորոտի և հարյուրապետի ծառայի բժշկումների մասին ավետարանական հատվածների մեկնությունն էր /Մատթ. Ը 1-22/, թեմայի բանախոսը` Մայր Աթոռի միաբան Վարազդատ սարկավագ Քոչարյանը: Այս ուշագրավ հանդիպումը նախորդներից տարբերվում էր նրանով, որ քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Տիրոջ կողմից մեր օրերում կատարված բժշկություններին: Հանդիպմանը հրավիրված էր նաև լրագրող Հասմիկ Բադալյանը, որը «Մանանա»-յի մասնակից երիտասարդներին ներկայացրեց իր բալիկի` Արմենի և իրենց ընտանիքի հետ դեռևս 2008թ.-ին կատարված հրաշալի պատմությունը:

Թե ինչպիսի հոգևոր զգացողություն էր ինձ մոտ, կարող եք դատել` ընթերցելով Հասմիկ Բադալյանի` ստորև ներկայացվող հոդվածը, որը ժամանակին հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» թերթի 2008 հունիս Ա, թիվ 11համարում:

ՎԿԱՅԵՆՔ ՔՈ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երորրդ բալիկս` Արմենը, համարյա 4 ամսական էր , երբ պատվաստման նպատակով այցելեցինք մանկական պոլիկլինիկա: Ծանր հղիությունից և հետծննդյան բարդություններից հետո վերջապես վայելում էի հոգեկան խաղաղություն, մանավանդ որ որդիս, ի տարբերություն դստրիկներիս, անսովոր հանգիստ էր: Ի դեպ , նրան մկրտել էինք 8 օրականում` Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում: Ես ներկա չէի մկրտությանը , քանի որ իմացա` քառասունքի մեջ գտնվող կինը չի կարող մտնել եկեղեցի: Ինձ փոխանցեցին , որ Տ. Տիրան քահանա Առուշանյանը խոստովանել էր, որ իր երկարամյա քահանայության ընթացքում առաջին անգամ էր 8 օրական երեխայի մկրտում : Ի դեպ, նույն եկեղեցու քահանա Տեր Գաբրիելն ամիսներ առաջ կտրականապես և արդարացիորեն հանդիմանեց ինձ ` երեխայի ծնվել չծնվելու տատանումներիս համար , քանի որ բժիշկները կանխորոշել էին երեխայի սեռը , այն է ` աղջիկ , իսկ ես երկու աղջիկ ունեի և կամենում էի դադարեցնել հղիությունը : Փառք Աստծո .տեր հայրը փրկեց իմ զավակին…
Փոքրիկս մեծանում էր, ու մենք երջանիկ էինք. մտքովս չէր անցնում, որ մանկական պոլիկլինիկա այցելությունը տակնուվրա կանի մեր կյանքը: Նյարդաբանը երեխային զննելիս հետևություն արեց, որ երեխան հայացքով չի հետևում մեկնված առարկաներին և տարբերակում է միայն լույսն ու ստվերը: Հողը երերաց ոտքերիս տակ: Մինչ այդ երեխայի պասիվությունը հիմնականում վերագրում էինք նրա «դնջությանը», մինչդեռ պարզվեց, որ նրա համար քնելն ավելի հարմար էր, քան լարվելով որևէ բան տեսնելը: «Լույս ու ստվեր» բառերը թեև արդեն սկսել էին իրենց ավերիչ գործը, սակայն հույս էի փայփայում, որ նյարդաբանի բժշկական եզրակացությունը կժխտվի: Նույն օրը եւեթ մեր հանրապետության հեղինակավոր ակնաբուժական կենտրոններից մեկում երեխային զննեց հայտնի ակնաբույժը, հարմար չեմ գտնում հիշատակել նրա անունը: Եզրակացությունն անխնա էր. երեխայի աչքի տեսողական նյարդն ի ծնե թույլ էր զարգացած: 
Հասկանում էի, որ դա լուրջ առողջական խնդիր է, եւ բժիշկն էլ բացատրեց, թե որքան մեծ համբերություն եւ ուժ է հարկավոր երեխային այսուհետ խնամելու համար, քանի որ տեսողական նյարդը չի վերականգնվում, եւ պետք է ամեն կերպ պաայքարել գոնե եղածը պահպանելու համար: Դա նշանակում էր, որ իմ բալիկը չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել, դպրոց գնալ, ապրել…
Հիշում եմ` միջանցքում նստած դողում էի, աշխարհը խավարել էր, հուսահատությունը ներթափանցել էր ոսկորներիս մեջ, քայլել չէի կարողանում: Իմ վիճակը տեսնելով` բուժքույրը փորձեց ինձ մխիթարել. «Քո երեխան թեպետ թույլ, բայց կտեսնի, բա ես խեղճն ինչ ասի` երեխան լրիվ կույր է»: Գլուխս թեքելով տեսա մի պատկեր, որը մեկընդմիշտ մեխվեց հիշողությանս մեջ: Կողքիս մի ջահել կին կրծքով կերակրում էր երեխային, արցունքները հոսում էին նրա աչքերից եւ թափվում երեխայի դեմքին: Իր ցավով տարված` նույնիսկ փորձ էլ չէր անում դրանք մաքրելու: Նոր էին նրան ասել, որ երեխան կույր է, ամբողջովին կույր: Ես չէի հասկանում, թե ինչպես կարող էր կուրծք ուտող երեխան… կույր լինել:

Դժվար է պատկերացնել այն ծնողի տառապանքը, որի մանուկը կույր է, որովհետեւ այդ ծնողն ինքն այլեւս չի ուզում տեսնել արեւածագը…
Մայրս, իմ բարի, Տիրամոր ձեռքը համբուրած մայրս թույլ չտվեց ինձ կոտրվել, ասաց. «Որքան թերանաս հավատիդ մեջ, այնքան երեխայի վիճակը վատ է լինելու, եւ ընդհակառակը` որքան երեխայի հետ զբաղվես, խաղաս, անընդհատ զբոսնելու տանես, վարժություններով «տանջես», վերաբերվես որպես առողջ երեխայի եւ վստահես քո Տեր Աստծուն, այնքան ավելի լավ: Հասկանո՞ւմ ես, սա պատերազմ է, եւ մենք պիտի չպարտվենք, որքան շատ լացես, այնքան չարը կհզորանա, որքան շատ հուսահատվես, չարն այնքան շատ կվնասի: Թուլյլ մի տուր, որ վախն ու կասկածը հաղթեն քեզ: Հենց թույլ տվեցիր, ուրեմն պարտված ենք»:

Գեղարդավանք

Գեղարդավանք

Մորս խոսքերից սրտապնդվում էի, սակայն բավական էր, որ նա հեռանար…
Մի օր մայրս ասաց. «Վաղը գնում ենք Ս. Գեղարդ, Զոհրապն ինքն է առաջարկել մեզ տանել: Զոհրապը մեր հարեւանի տղան է, պետհամալսարանը կարմիր դիպլոմով ավարտած, այժմ Ֆիզիկայի պրոբլոմների ինստիտուտի ասպիրանտ է»: Մայրս ամբողջ ճանապարհին աղոթում էր: Ս. Գեղարդավանքում ոչ ոք չկար, ասես, դա մեր օրն էր. մայրս ու 10 եւ 12 տարեկան աղջիկներս չոքել էին խորանի առաջ, որդուս բարուրը դրել Տիրամոր պատկերի տակ եւ երեքով աղոթում էին: Մայրս արցունքն աչքերին խնդրում էր. «Տե’ր, դու կատարյալ ես եւ մարդուն կատարյալ ստեղծեցիր, իմ Արմենին էլ կատարյալ դարձրու, Տե’ր, դու լույս ես, մի՞թե քո լույսից իմ թոռնիկին չես տալու, մի՞թե իմ բալիկին խավարի մեջ ես թողնելու, Տե’ր, վերցրու իմ աչքերի լույսը, տո’ւր իմ բալիկին»…
Գեղարդավանքի բոլոր անկյուններում, բոլոր խցերում աղոթում էինք: Քիչ հետո վանք մտավ Գեղարդում սպասարկող Հայր Սուրբերից մեկը, որի խնդրանքով անունը չեմ հիշատակում: Մայրս մոտեցավ նրան եւ պատմեց այստեղ գալու մեր նպատակը եւ խնդրեց աղոթել երեխայի համար: Հայր Սուրբը գնաց եւ զգեստափոխված վերադարձավ, ձեռքը դրեց փոքրիկ Արմենիս գլխին եւ ասաց. «Տեր, ինչպես քո առաքյալներին էիր տվել բուժելու շնորհը, այդպես էլ իմ` մեղավորիս ձեռքով բժշկիր քո ծառա Արմենին, որպեսզի մեծանա եւ ամբողջ կյանքում վկայի քո Աստվածության մասին»:

Ապա կարդաց մի աղոթք, որն ինչպես հետո պարզեցի, Նարեկացու Մատյանի ԽԱ (41) գլխից էր: Այդ պահին երեխան ուժեղ ճչաց եւ սկսեց լաց լինել, հետո հանգստացավ: Հայր Սուրբը մեզ հանձնարարեց փոքրիկի աչքերը խաչաձեւ լվանալ վանքի ներսից բխող ջրով, սակայն կարծես մեզ չվստահելով, մեր ետեւից եկավ, գրկեց երեխային եւ աղոթքով լվաց նրա աչքերը, այնուհետւ մի փոքրիկ խաչ օծեց եւ նվիրեց որդուս` խնդրելով, որ այն ագուցենք գլխարկի վրա: Հետո շրջվեց եւ ասաց. «Աստված մեռելներին է հարություն տալիս, մի աչքն ի՞նչ է, որ չբուժի, գնացեք, Աստված ձեր հավատքի չափով ձեզ կտա»: 

Կույրի բժշկումը

Կույրի բժշկումը

Արդեն Երեւանի ճանապարհին, երբ որդիս բացեց աչքերը` հայացքի պարզությունն ակնհայտ էր, ասես, Հայր Սուրբը բալիկիս ամենազորավոր դեղն էր տվել, իսկ մենք էլ պետք է աղոթքով պահեինք դրա լիակատար ազդեցությունը: Օր-օրի ուրախությամբ տեսնում էինք երեխայի` ավելի աշխույժ դարձող հայացքը, մեկնված առարկաների նկատմամբ հետաքրքրությունը: Մեկ ամիս հետո որոշեցինք երեխային ստուգման տանել: Բժիշկներից մեկը, զննելով երեխային եւ հայտնելով, որ տեսողական նյարդը զարգացել է, անակնկալի եկած հարցրեց. «Էս ի՞նչ եք արել»: Եվ երբ լսեց Գեղարդի մեր պատմությունը… բուժումը վերագրեց նյարդաբանի նշանակած միզամուղներին: Ինչպես ասում է մայրս, եթե  կուրությունը միզամուղներով բուժվեր, աշխարհում կույր մարդ չէր լինի:
Սակայն այնքան մեծ էր բժշկի ուրախությունը, որ դրանից իսկ կարելի էր եզրակացնել դեպքի անսովոր լինելը, իսկ երկրորդ` 50-ամյա աշխատանքային փորձ ունեցող ակնաբույժը, որը մինչ այդ զննել էր երեխային երկու անգամ, ասաց, որ եթե նյարդը զարգացած չի լինում, տեսողությունը հակված է ավելի շատ անկում ապրել, եւ շատ քիչ է պատահում, գրեթե անհնար է, որ նյարդն ինքն իրեն զարգանա: Համենայն դեպս, ինչպես նա նշեց, նման դեպք իր պրակտիկայում չի եղել: Ավելորդ անհանգստություններից խուսափելոի համար չեմ նշում նրանց անունները:
Այդ հաղթական օրը մենք ամբողջ ընտանիքով փառք տվեցինք Աստծուն եւ երկար աղոթում էինք: Հետո մայրս ականջիս շշնջաց. «Գիտե՞ս, Գեղարդում շշնջացել եմ. «Տե’ր, բուժիր Արմենին եւ թող հետո նա քո ծառան դառնա, Հայր Սուրբի նման մեկ այլ տատիկի էլ նա մխիթարի»: Եթե չհասցնեմ ինքս նրան ասել, դու փոխանցիր Արմենին իմ խոստումը, մնացածը թող ինքը որոշի»:

Իսկ ես ամեն օր որդուս օրորելիս հայացքով հետեւում եմ նրա վերմակի վրա դրված Նարեկացու աղոթքին, որի տակ գրիչով գրել եմ Հայր Կ-ի խոսքերը. «…որ ամբողջկյանքում վկայի քո աստվածության մասին»: Ապաքինված որդուս տեսնելով` իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց` բոլորին, ովքեր օգնեցին ինձ ճանաչելու Տիրոջը, զգալու Նրա եւ Նրա միջոցով  մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու , մեր հոգեւորականների, Նարեկյան աղոթքի զորությունը … Այս ամենը տեսնելով եւ այս ամենից դաս առնելով` առաջին անգամ սկսեցի աղոթել մեր եկեղեցու եւ հոգեւորականներիկ համար, որովհետեւ առավոտը մեզ վրա բացվում է նաեւ նրանց աղոթքների շնորհիվ:
Ես ամեն առավոտ ` արեւածագի հետ համբուրում եմ որդուս քաղցր դունչիկը եւ ցույց տալին նրան երկինքն ու երիկիրը, արեւն ու լույսը եւ ի խորոց սրտի ասում. «Փառք քեզ , Տե’ր»:

 
 

Պիտակներ՝ , , , , , , , , ,

Տաթև. թռիչքներ երազում և արթմնի

Հիմա, երբ աշխարհս կրկին նեղացել է մոնիտորի էկրանի չափ, երբ հայացքս պատնեշում են քաղաքի աղմկոտ դատարկությունը եզրագծող անվերջանալի շենքերը, առավել ուժգին են ականջիս լսվում վանքի զանգերի սթափեցնող ձայները…ես փակում եմ աչքերս` կոպերովս շոյելով Սյունյաց աշխարհի հրաշք պատկերները, եվ լեռնապարար իմ ուխտի ճամփան կրկին սկսվում է:

Առավոտ լուսո, արեգակն արդար

 Ու՞ր են տանում մեզ ճանապարհները, որոնք մենք ենք  ուղենշել  ինքներս մեզ համար, ի վերջո հասնու՞մ ենք այնտեղ, որտեղ ուզում ենք: Գտնու՞մ ենք այն դրախտը, որ փնտրում ենք. մեր նախագծած դրախտը: Իսկ եթե գտնում ենք, մի՞թե այդ դրախտը պատրանք չէ` անծայրածիր անապատով անցնող մոլորված ճանապարհորդի աչքին թվացող:

Երանի նրան, ով արեգակին դիմավորում է աղոթքով, ով իր ճանապարհը սկսում է օրհնությամբ, ով գնում է Ճշմարտության ճանապարհով, ով այդ ճանապարհը անցնում է սիրով և ուրախությամբ, ով սիրում է այդ ճանապարհին հանդիպածներին, ով միայնակ չի գնում….

Ավտոբուսում տեղս չեմ գտնում ոգևորությունից (երբեմն ինչ քաղցր է սպասումը).

գնում եմ նորոգելու այն, ինչն  ամեն օր անհոգ անփութությամբ քանդում եմ սեփական ձեռքերովս, գնում եմ շատ հեռու…գնում եմ չվերադառնալու հույսով, գնում եմ գտնելու կորցրածս աղոթքը…Գնում եմ Ավետյաց երկիր…

Ավտոբուսի մեջ հարազատ և ոչ հարազատ դեմքեր են: Լույսը բացվել է, նայում եմ ճանապարհին, ուզում եմ կլանել ամեն ակնթարթը, ուզում եմ յուրաքանչյուր պատկերը ներծծվի իմ մեջ, ուզում եմ հավերժ տեսնեմ այն, ինչ տենում եմ հիմա:

  Կեսօր

 -Դատ արա ինձ, Աստվա′ծ, և իրավ արա ինձ դատաստանի իմում:

Երգչախումբը երգում է, պատարագիչ քահանան շարունակում է իր խոսքն ասել, բուրվառում խունկն է ծխում…

Ոչինչ չեմ հասկանում, կոպերս ծանր են մեղքերիս նման, աչքերս փակվում են, ծնկներս այլևս չեն դիմանում մարմնիս ծանրությանը….

Չեմ հեռանում, շարունակում եմ դիմակայել կոպերիս ծանրությանը…չգիտեմ էլ ինչու:

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ,

Որ Էնն Ատված բազմեցավ…

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ: Մի կին ջերմորեն գրկում է ինձ:

—  Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

— Ըզդրունս, ըզդրունս…

Նայում եմ. կինը ծնկաչոք աղոթում է ու լացում: Ի սրտե նախանձում եմ:

Վերջացավ:

Ոչինչ կատարյալ չէ: Ոգևորությունս հետզհետե ցնդում է թեժացող արևի տակ, շուրջս` հիմնականում ոչ հարազատ դեմքեր, սկում եմ չափել, ձևել, դատել…մի՞թե չեմ զգալու այն, ինչ զգացել եմ նախորդ անգամները: Նայում եմ Վանքին. մի′ հանձնվիր: Օտար մարդիկ…գնալով շատանում են, անհեթեթ խոսակցություններ ու ծիծաղ…ուզում եմ վանքը ամուր գրկել ու փախչել…

«Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս

որ պատրատեալ է մեզ ի Տեառնե: Օրհնեալ է Տեր ի պարգևս յուր: Ամեն»:

Հավատով Խոստովանիմ (Ճանապարհ Անապատով)

 Եղել են ժամանակներ, երբ անապատում անդադար աղոթել են, անդադար ստեղծագործել  և  զորուգիշեր  փառք տվել Աստծուն:

Հավատով խոստովանիմ, Եվ երկիր պագանեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ բնություն, Արարիչ հրեշտականց և մարդկան և ամենայն եղելոց, ողորմեա քո արածոց և ինձ` բազմամեղիս:

Այդ վայրերում աղոթքը երբեք չի դադարում….

Մարիամ-Մթնշաղի Անուրջ

 Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկը ծնվում: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկն ուրախանում, որ ծնվեց: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է այդ մեկն սպասում իր ծնվելուն: Նրա հետ սպասե՞լ եք: Երբևէ տեսե՞լ եք կատարյալ սիրո ու ցնծության հանրություն: Ես տեսա…

Քույր իմ, ես խոստանում եմ` այս ճանապարհը մենք միասին կանցնենք:

Գիշեր

 -Արթուն մնացեք և աղոթեցեք,որպեսզի փորձության մեջ չընկնեք

 Երևի դրախտում գիշերներն էսպես կլինեն`մտածեցի: Կլինեն լեռների վրա հազար տարի առաջ կառուցած վանքեր, մենք կքնենք այդ վանքերում` մոմերի նվաղող լույսի տակ, երկու հոգի կերգեն մեզ համար, ինչ-որ մեկը ծալապատիկ կնստի ու կաղոթի ողջ գիշեր, ես կքնեմ…

Ձայների լռեցին,արթնացա: Այս բույրը, այս խենթացնող բույրը, մյուռոնի այս անուշ բուրմունքը…իմ չարտասանված աղոթքն է, Աստծո սերն է, որ ես ամեն վայրկյան զգում եմ այստեղ:

Կիսաքուն պառկած եմ: Ցրտից ու խոնավությունից չեմ կարողանում քնել: Ինչ-որ մեկը իր ծածկոցն է գցում վրաս: Ո՞վ ես, բարի մարդ: Աչքերս փակվեցին…

Արևագալ

 Ես համաձայն եմ ողջ կյանքս արթնանալ առավոտյան ժամը յոթին, միայն թե ինձ արթնանցեն վանքի զանգերը:

Առավոտյան ժամերգություն…իմ ներկա բացակայությունը կամ բացակա ներկայությունը կրկին ակնհայտ է:

Բարև արև, աղոթքս չես բերել, գոնե ջերմացրու ինձ:

Օգնիր ինձ Մարիամ անաղարտ մնալ

 Հայր Սուրբը պատմում է տիրամոր մասին: Երբևէ  ցանկացե՞լ եմ այդան անարատ լինել: Որքան հեռու եմ ես Քեզանից, բայց որքան ուժեղ եմ զգում ես Քո սերը: Սիրտս անհասկանալի բերկրանքով է լցվում, ուզում եմ ամուր գրկել Քեզ: Տիրամայր, միայն դու կարող ես հասկանալ ինձ` մեղավորիս, քո կատարյալ մաքրությամբ: Բոլոր մայրերի մայր, օգնիր ինձ, բարեխոս եղիր իմ և իմ միջև:

Քո առջև եմ ընկնում, Սուրբ Աստվածածին, և աղաչում անաղարտ կույսիդ` բարեխոսիր մեր անձանց համար և աղաչիր Միածին Որդուդ` փրկել մեզ փորձությունից և մեր բոլոր վտանգներից:

 

Աղոթում եմ…

Եթե հիմա ինձ հարցնեն, թե ինչ տեսք ունի սերը, կասեմ` Տիրամորն է նման:

Վերադարձ

 Տաթև գնալուց առաջ Սեյրան սարկավագն ինձ ասաց` “ Աննա ջան, կգնաս Տաթև, կտեսնես Հայր Միքայելին, կհասկանաս, թե ես ինչի եմ սիրում մեր եկեղեցին”:

Մեզ ճանապարհելիս Հայր Սուրբը մոտավորապես էսպիսի մի բան ասաց` հուսով եմ կգնաք մեր հայրենիքի նկատմամբ ավելի խորը սիրով:

Անուշաբույր Վանք հեռանում եմ քեզանից…

…….

 Հիմա նստած մտածում եմ այդ ամենը երազ էր, թե՞ իրականություն: Տարօրինակ ուխտագնացություն էր: Առաջին անգամն է, որ ապրումներս իրենց լրումին են հասնում ոչ թե ուխտագնացության ընթացքում, այլ հետո: Հիմա նստած կարոտում եմ բոլորին…

Ես հաստատ գիտեմ հիմա` անքննելի են Աստծո և Սիրո ճանապարհները: Հիմա մի բան ևս հաստատ գիտեմ` իմ աղոթքի ճանապարհը իմ հայրենի լեռներով ու այդ լեռներում խոնարհ, բայց միևնույն ժամանակ հպարտ կանգնած վանքերով է անցնում, և ես այդ աղոթքի ճանապարհի տերն ու խոնարհ ծառան եմ:

Քրիստոս պատվիրեց.

“Սիրիր քո տեր Աստծոն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով”:

“Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”:

Տաթևում ես զգացի դա: Բայց Տաթևում ես զգացի, որ ևս երկու չգրված պատվիրան կա`

“Սիրիր քո Եկեղեցին քո անձից առավել”

“Սիրիր քո Հայրենի Հողը քո անձից առավել”:

Տաթևում ես հասկացա նաև, որ սերը այն է, երբ առավոտյան արթնանում ես քո վրա ուրիշի հոգատար ձեռքերով գցված ծածկոցների ջերմությամբ պարուրված:

Աննա Բարսեղյան

Հ.Գ. Հուսով եմ Այնտեղ բոլորս միասին կլինենք:

 
 

Պիտակներ՝ , , , ,