RSS

Տաթև. թռիչքներ երազում և արթմնի

13 Sep

Հիմա, երբ աշխարհս կրկին նեղացել է մոնիտորի էկրանի չափ, երբ հայացքս պատնեշում են քաղաքի աղմկոտ դատարկությունը եզրագծող անվերջանալի շենքերը, առավել ուժգին են ականջիս լսվում վանքի զանգերի սթափեցնող ձայները…ես փակում եմ աչքերս` կոպերովս շոյելով Սյունյաց աշխարհի հրաշք պատկերները, եվ լեռնապարար իմ ուխտի ճամփան կրկին սկսվում է:

Առավոտ լուսո, արեգակն արդար

 Ու՞ր են տանում մեզ ճանապարհները, որոնք մենք ենք  ուղենշել  ինքներս մեզ համար, ի վերջո հասնու՞մ ենք այնտեղ, որտեղ ուզում ենք: Գտնու՞մ ենք այն դրախտը, որ փնտրում ենք. մեր նախագծած դրախտը: Իսկ եթե գտնում ենք, մի՞թե այդ դրախտը պատրանք չէ` անծայրածիր անապատով անցնող մոլորված ճանապարհորդի աչքին թվացող:

Երանի նրան, ով արեգակին դիմավորում է աղոթքով, ով իր ճանապարհը սկսում է օրհնությամբ, ով գնում է Ճշմարտության ճանապարհով, ով այդ ճանապարհը անցնում է սիրով և ուրախությամբ, ով սիրում է այդ ճանապարհին հանդիպածներին, ով միայնակ չի գնում….

Ավտոբուսում տեղս չեմ գտնում ոգևորությունից (երբեմն ինչ քաղցր է սպասումը).

գնում եմ նորոգելու այն, ինչն  ամեն օր անհոգ անփութությամբ քանդում եմ սեփական ձեռքերովս, գնում եմ շատ հեռու…գնում եմ չվերադառնալու հույսով, գնում եմ գտնելու կորցրածս աղոթքը…Գնում եմ Ավետյաց երկիր…

Ավտոբուսի մեջ հարազատ և ոչ հարազատ դեմքեր են: Լույսը բացվել է, նայում եմ ճանապարհին, ուզում եմ կլանել ամեն ակնթարթը, ուզում եմ յուրաքանչյուր պատկերը ներծծվի իմ մեջ, ուզում եմ հավերժ տեսնեմ այն, ինչ տենում եմ հիմա:

  Կեսօր

 -Դատ արա ինձ, Աստվա′ծ, և իրավ արա ինձ դատաստանի իմում:

Երգչախումբը երգում է, պատարագիչ քահանան շարունակում է իր խոսքն ասել, բուրվառում խունկն է ծխում…

Ոչինչ չեմ հասկանում, կոպերս ծանր են մեղքերիս նման, աչքերս փակվում են, ծնկներս այլևս չեն դիմանում մարմնիս ծանրությանը….

Չեմ հեռանում, շարունակում եմ դիմակայել կոպերիս ծանրությանը…չգիտեմ էլ ինչու:

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ,

Որ Էնն Ատված բազմեցավ…

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ: Մի կին ջերմորեն գրկում է ինձ:

—  Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

— Ըզդրունս, ըզդրունս…

Նայում եմ. կինը ծնկաչոք աղոթում է ու լացում: Ի սրտե նախանձում եմ:

Վերջացավ:

Ոչինչ կատարյալ չէ: Ոգևորությունս հետզհետե ցնդում է թեժացող արևի տակ, շուրջս` հիմնականում ոչ հարազատ դեմքեր, սկում եմ չափել, ձևել, դատել…մի՞թե չեմ զգալու այն, ինչ զգացել եմ նախորդ անգամները: Նայում եմ Վանքին. մի′ հանձնվիր: Օտար մարդիկ…գնալով շատանում են, անհեթեթ խոսակցություններ ու ծիծաղ…ուզում եմ վանքը ամուր գրկել ու փախչել…

«Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս

որ պատրատեալ է մեզ ի Տեառնե: Օրհնեալ է Տեր ի պարգևս յուր: Ամեն»:

Հավատով Խոստովանիմ (Ճանապարհ Անապատով)

 Եղել են ժամանակներ, երբ անապատում անդադար աղոթել են, անդադար ստեղծագործել  և  զորուգիշեր  փառք տվել Աստծուն:

Հավատով խոստովանիմ, Եվ երկիր պագանեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ բնություն, Արարիչ հրեշտականց և մարդկան և ամենայն եղելոց, ողորմեա քո արածոց և ինձ` բազմամեղիս:

Այդ վայրերում աղոթքը երբեք չի դադարում….

Մարիամ-Մթնշաղի Անուրջ

 Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկը ծնվում: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկն ուրախանում, որ ծնվեց: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է այդ մեկն սպասում իր ծնվելուն: Նրա հետ սպասե՞լ եք: Երբևէ տեսե՞լ եք կատարյալ սիրո ու ցնծության հանրություն: Ես տեսա…

Քույր իմ, ես խոստանում եմ` այս ճանապարհը մենք միասին կանցնենք:

Գիշեր

 -Արթուն մնացեք և աղոթեցեք,որպեսզի փորձության մեջ չընկնեք

 Երևի դրախտում գիշերներն էսպես կլինեն`մտածեցի: Կլինեն լեռների վրա հազար տարի առաջ կառուցած վանքեր, մենք կքնենք այդ վանքերում` մոմերի նվաղող լույսի տակ, երկու հոգի կերգեն մեզ համար, ինչ-որ մեկը ծալապատիկ կնստի ու կաղոթի ողջ գիշեր, ես կքնեմ…

Ձայների լռեցին,արթնացա: Այս բույրը, այս խենթացնող բույրը, մյուռոնի այս անուշ բուրմունքը…իմ չարտասանված աղոթքն է, Աստծո սերն է, որ ես ամեն վայրկյան զգում եմ այստեղ:

Կիսաքուն պառկած եմ: Ցրտից ու խոնավությունից չեմ կարողանում քնել: Ինչ-որ մեկը իր ծածկոցն է գցում վրաս: Ո՞վ ես, բարի մարդ: Աչքերս փակվեցին…

Արևագալ

 Ես համաձայն եմ ողջ կյանքս արթնանալ առավոտյան ժամը յոթին, միայն թե ինձ արթնանցեն վանքի զանգերը:

Առավոտյան ժամերգություն…իմ ներկա բացակայությունը կամ բացակա ներկայությունը կրկին ակնհայտ է:

Բարև արև, աղոթքս չես բերել, գոնե ջերմացրու ինձ:

Օգնիր ինձ Մարիամ անաղարտ մնալ

 Հայր Սուրբը պատմում է տիրամոր մասին: Երբևէ  ցանկացե՞լ եմ այդան անարատ լինել: Որքան հեռու եմ ես Քեզանից, բայց որքան ուժեղ եմ զգում ես Քո սերը: Սիրտս անհասկանալի բերկրանքով է լցվում, ուզում եմ ամուր գրկել Քեզ: Տիրամայր, միայն դու կարող ես հասկանալ ինձ` մեղավորիս, քո կատարյալ մաքրությամբ: Բոլոր մայրերի մայր, օգնիր ինձ, բարեխոս եղիր իմ և իմ միջև:

Քո առջև եմ ընկնում, Սուրբ Աստվածածին, և աղաչում անաղարտ կույսիդ` բարեխոսիր մեր անձանց համար և աղաչիր Միածին Որդուդ` փրկել մեզ փորձությունից և մեր բոլոր վտանգներից:

 

Աղոթում եմ…

Եթե հիմա ինձ հարցնեն, թե ինչ տեսք ունի սերը, կասեմ` Տիրամորն է նման:

Վերադարձ

 Տաթև գնալուց առաջ Սեյրան սարկավագն ինձ ասաց` “ Աննա ջան, կգնաս Տաթև, կտեսնես Հայր Միքայելին, կհասկանաս, թե ես ինչի եմ սիրում մեր եկեղեցին”:

Մեզ ճանապարհելիս Հայր Սուրբը մոտավորապես էսպիսի մի բան ասաց` հուսով եմ կգնաք մեր հայրենիքի նկատմամբ ավելի խորը սիրով:

Անուշաբույր Վանք հեռանում եմ քեզանից…

…….

 Հիմա նստած մտածում եմ այդ ամենը երազ էր, թե՞ իրականություն: Տարօրինակ ուխտագնացություն էր: Առաջին անգամն է, որ ապրումներս իրենց լրումին են հասնում ոչ թե ուխտագնացության ընթացքում, այլ հետո: Հիմա նստած կարոտում եմ բոլորին…

Ես հաստատ գիտեմ հիմա` անքննելի են Աստծո և Սիրո ճանապարհները: Հիմա մի բան ևս հաստատ գիտեմ` իմ աղոթքի ճանապարհը իմ հայրենի լեռներով ու այդ լեռներում խոնարհ, բայց միևնույն ժամանակ հպարտ կանգնած վանքերով է անցնում, և ես այդ աղոթքի ճանապարհի տերն ու խոնարհ ծառան եմ:

Քրիստոս պատվիրեց.

“Սիրիր քո տեր Աստծոն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով”:

“Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”:

Տաթևում ես զգացի դա: Բայց Տաթևում ես զգացի, որ ևս երկու չգրված պատվիրան կա`

“Սիրիր քո Եկեղեցին քո անձից առավել”

“Սիրիր քո Հայրենի Հողը քո անձից առավել”:

Տաթևում ես հասկացա նաև, որ սերը այն է, երբ առավոտյան արթնանում ես քո վրա ուրիշի հոգատար ձեռքերով գցված ծածկոցների ջերմությամբ պարուրված:

Աննա Բարսեղյան

Հ.Գ. Հուսով եմ Այնտեղ բոլորս միասին կլինենք:

 
 

Պիտակներ՝ , , , ,

5 responses to “Տաթև. թռիչքներ երազում և արթմնի

  1. Marianna

    Սեպտեմբերի 22, 2011 at 7:00 ե.

    Chgrvac bareris liarjeq artahaytum@…..sirum em qez, Tatev..u hogevor quyrs dardzar grvacqnerovd, Anna…mkrtela Tatev@ u aprecnuma Tatev@..

     
  2. Armine

    Հոկտեմբերի 6, 2011 at 7:21 ե.

    shnorhakltyun shat hetqrqir u huzich er:

     
  3. Lusine Harutyunyan

    Փետրվարի 19, 2012 at 4:45 ե.

    Բարև Սեյրան Սարկավագ ջան, գիտեմ, որ բավական ժամանակ ուշ եմ դիմում, բայց կուզեի այս ամենը նաև տեղ գտնի իմ բլոգում… նույն այս ուխտագնացության մասին մեկ այլ տպավորության կողքին… Որքանով է հնարավոր??, Շնորհակալ եմ…

     
  4. ԿԱՆԹԵՂ

    Փետրվարի 20, 2012 at 5:33 ա.

    Բարև Լուսինե ջան, ես դեմ չեմ: Ընդհակառակը շատ ուրախ եմ🙂

     
  5. Lilit

    Փետրվարի 21, 2012 at 7:55 ա.

    Շատ հուզիչ էր ,,,,մի շնչով կարդացի….Շնորհակալ եմ…Հիմա էստեղ աշխատավայրում նստած մտածում եմ ` չի փոխվել Հայու Հոգին. ես հավատում եմ մեր ապագային..:)

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: