RSS

Category Archives: Արժե իմանալ

Աստուած Հայը հրեշտակ է ստեղծած. վերջը զղջացած է ու սատանայի է վերածած

Բոլորիս էլ հայտնի է մարդկային մեր տեսակի համար բանաձևի արժեք ստացած դեմիրճյանական «ՀԱՅԸ»: Վստահաբար, առիթ ունեցել ենք ընթերցելու և հիանալու մեր հավաքական կերպարով, մտածելու նաև մեծ դասականի մատնանշած մեր բնավորության բացասական գծերի մասին: Ինձ համար հայտնություն էր, երբ ծանոթացա Նշան Պեշիկթաշլյանի «Հայ աղբրտիք»-ից քաղված` ստորև ներկայացված այս հատվածին: Պեշիկթաշլյանական «հայ»-ին, ակամա սկսեցի համեմատել դեմիրճյանական «հայ»-ի հետ: Նորից, ակամա, ինքս ինձ համար եզրակացություններ արեցի…  

Հ  Ա  Յ  Ը

Աստուած Հայը հրեշտակ է ստեղծած. վերջը զղջացած է ու սատանայի է վերածած։ Յետոյ ջնջած է անոր սատանայութիւնն ալ։ Հայը, սակայն, երկու էակներէն մէյ մէկ բան պահած է իր մէջ։ Աստուած Հայը երկիր ղրկած է` իբրեւ ֆէնոմէն։ Հայը մարդ չկրցաւ ըլլալ աշխարհի մէջ։

Դիւրաւ կարելի է ճանչնալ զինքը։ Ունի գլուխ մը, որուն գանգուր մազերը մրրիկի մը մէջ են` նման իր լեռնաշխարհին ալեկոծութեան։ Իր աչքերը` սեւով ու լոյսով խառն, լիճեր են, որոնց մէջ նետուած են իր ցեղային հանճարին քնարները, նկարները, ճարտարապետական ոճերը, ազգային պատմութիւնը։ Այդ բոլորը վեր կ’ելլեն, երբ հով մը փչէ։ Իր լիճերէն կ’ելլեն բարութեան անոյշ գետեր։ Իր քիթը Արարատ մըն է։ Խօսակցութիւնն ալ երկրաշարժ։ Կռնակէն աւելի շուտ կարելի է ճանչնալ զինքը։ Երբ տեսնես մէկը, իր ետեւէն, որ ծոծրակին մազերը կտրել տալու համար շատոնց է սափրիչին չէ գացած, վստահ կրնաս ըլլալ, որ անիկա Հայ է։

Մարտիրոս Սարյան. «Հայաստան»

Մարտիրոս Սարյան. «Հայաստան»

Դժուար է, սակայն, զինքը ճանչնալ իր ներսէն։

Առաջին քննութեամբ կ’ըսես` թիւ է ան։ Կը կարդաս իր թուանշանները ու կը տեսնես, որ տակէն կ’ելլեն բառեր։ Կ’ըսես` խօսք է ան։ Կ’ընթեռնուս խօսքերը ու կը գտնես, որ ոտանաւոր է։ Կը նկատես, սակայն, որ բնաւ չափ չունի ու կ’եզրակացնես` հանելուկ է ան։ Կը ճգնիս գտնել ի՛նչ ըլլալը, մէյ մըն ալ կը տեսնես, որ առեղծուած է եղեր։ Կ’աշխատիս լուծել, սակայն, առեղծուածը քենէ աւելի կ’աշխատի չլուծուելու համար։ Հայը աշխատանք կը կարծես ու կ’ըսես իրեն. «Ի՜նչքան գործունեայ ես, եկուր միասին քրտինք թափենք հանրային գործի մը համար»։ Կուգայ, բայց ատեն մը վերջը կը խորհրդածես. «Ան գործի մարդ է անձնական ձեռնարկի մէջ ու խօսքի մարդ՝ հանրային ձեռնարկի մէջ»։ Օր մըն ալ կ’իմանաս, որ դրամ է դիզեր։ Ան` խաբուած Աստուծմէ ու իր արարածներէն, փարեր է մամոնային ու նոյնացեր է անոր հետ։ Շիներ է տուն, բացեր է խանութ, ի՜նչ փոյթ, թէ ոտքերը յաճախ իր տան պատուհանէն դուրս են ելած ու իր գլուխը իր խանութին դռնէն դուրս է։ Կը չափէ, կը կշռէ, թիւերը ձիւթ է ըրեր ու կը ծամէ։ Ճահիճը քաղաք կը շինէ ու անապատը` շուկայ։ Կը բացագանչես` Էվրէքա՜, նիւթ է ան։

Տօնական օր մըն ալ կը մտածէ եկեղեցիի ու դպրոցի մասին։ Իր մտածումին չափ արագ գրեթէ՝ կը կանգնէ տաճարը եւ ուսումնարանը։ Ծառի մը ճիւղերուն չափ միութիւններ կ’արձակէ։ Օրեր կ’անցնին, մեր ֆէնոմէնը մատուռին առջեւ կը հայհոյէ ու վարժարանին առջեւ կ’աղօթէ։ Իր լուտանքին ու փառաբանութեան մէջ միշտ յափշտակուած քրիստոնեան է։ Նոր եզրակացութեան մը հասած կ’ըսես` ոգի է ան։

Սակայն, երբ իր խանութը երթաս, կը գտնես Հրեայ մը, երբ իր ժողովին երթաս, կը գտնես Բիւզանդացի մը, երբ իրեն հետ յարաբերուիս, յաճախ կը գտնես Քիւրտ մը, երբ հրապարակ երթաս, կը գտնես ճինիվիզ մը։ Բայց եթէ իր տունը երթաս, այնտեղ կը գտնես իր լաւագոյն յատկութիւնները։ Ու մէջէն չես կրնար ելլել։

*

Հայը, երբ կուսակցական է, կը ճառէ ազատութենէ, երբ չէզոք է, կը խօսի միութենէ։ Իբր մարդ՝ անիշխանական է, իբր Հայ՝ ազգայնական։ Անգամ մը որ տիրանայ իր հայրենիքին, կրկին անիշխանական կը դառնայ։

Քաղաքական կեանքի մէջ գործազուրկ է, ու գործազրկութեան նպաստ չի տրուիր իրեն։ Հայասէրներու բարոյական լումաներով կը կառուցանէ սպանիական դղեակներ եւ, անոնց մէջ նստած, կարկանդակներ կ’որոճայ։

Եթէ տարագրուի կամ աղքատանայ կամ երբ աշխարհի հեռաւոր մէկ անկիւնը իյնայ, շուտով կը գտնէ հացի ճամբան։ Փորձէ իրեն նպաստ տալ՝ այն ժամանակ կը ծուլանայ, մոլութենէ մոլութիւն կը գլտորի։

Կարելի չէ ոչ սուրով, ոչ հուրով սպաննել զինքը։ Զինքը մեռցնելու միակ միջոցը իրեն նպաստ տալն է։

Կրօնաւորները լաւ գիտեն այս գաղտնիքը ու հայուն վրայ կը վազեն աղէտներէ վերջը` տանելով նպաստի, կաթոլիկութեան կամ բողոքականութեան սնտուկներ եւ պարկեր։ Հայը լեռան մը վրայ կանգնած ըլլայ, ու միսիոնարը լեռան ստորոտը` պարկը բացած, Հայը ահագին բարձրութենէն, մէկ ոստումով, ամբողջ գլուխովը կը մտնէ պարկին մէջ։

Հայը, ինչով ալ զբաղի, կ’ընէ նաեւ դագաղագործութիւն։ Ան ամէն օր կը շինէ քանի մը դագաղ` բան մը թաղելով իրմէ։ Բարեբախտաբար, անսպառ է իր կենդանութիւնը։ Լաւ դագաղագործ ըլլալով` լաւ ալ մեռել թաղող եղած է։

Գիտունները կը փնտռեն յաւիտենական շարժումը։ Հայը կը խնդայ անոնց վրայ ու կ’ըսէ իւրովի. «Ե՛ս եմ յաւիտենական շարժումը, եւ ինծի է, որ կը փնտռեն»։ Ինքն ալ, սակայն, բան մը կը փնտռէ` Անկախութիւնը, ու զայն գտնելու համար օտարին դռները ափ կ’առնէ։ Կ’ըսես իրեն. «Անկախութիւնը դուն պիտի յայտարարես»։ Այս անգամ կը չէզոքանայ՝ անկախ հռչակուելու համար։

Շատ թերթ ու գիրք կը հրատարակէ։ Ասով կ’ապացուցանէ որ երբեք չէ ներկայացուած Տիար Յուսահատութեան եւ ոչ մէկ ծանօթութիւն ունի անոր հետ։

Ինչ որ իրն է ու անմիջապէս դրամի չի վերածուիր, չի գնահատեր։ Օրինակ իր տաղանդաւորները։ Բայց վա՜յ, եթէ իր ցեղին պատկանող միջակ մը ստանայ օտարներու ներբողականը. չտեսի մը նման, մեծով պզտիկով, բարեկենդան կը սարքէ, կ’ուռի եւ կը պայթի։

Ինկի՛ր, ու Հայը ձեռք մը կուտայ քեզի։ Ելի՛ր ու կ’ընդունիս իր ոտքը կամ իր նախանձէն եկող կիցը. որ, սակայն, ազգօգուտ է, որովհետեւ կը մարզէ քեզ եւ պատճառ կ’ըլլայ, որ պինդ կենաս ու ա՛լ չիյնաս։

Հայուն կրնաս ցոյց տալ բոլոր կարողութիւններդ, սակայն մի՛ յայտներ իրեն գրպանիդ կարողութիւնը, աւելի ճիշդը ըսելով` անկարողութիւնը։ Իր համարումը եթէ չվերնայ իսկ, անպայման կը պակսի։ Ան քեզ անգին կամ թանկագին կը կարծէր ու կը համոզուի, որ աժան ապրանք ես։ Ան չուզեր սորվիլ արժէքին ու գինին մէջ գտնուող տարբերութիւնը։

Հայը կապուած է իր ցեղին, իր լեզուին, քիչ թէ շատ` իր օրաթերթին ու գրականութեան եւ մշակոյթին։ Սակայն վայ, եթէ օտար լեզու մը սորվի կարդացածը հասկնալու չափ. կամացուկ մը «մնաս բարով» կ’ըսէ իր մշակոյթին` վերէն նայելով անոր վրայ, ու կը բռնէ այլասերման նրբուղին։ Հայուն իրապէս իր ցեղին կապուած ըլլալը այն ատեն միայն կը հասկցուի, երբ ան, օտար տարածուն լեզու մը գիտնալով հանդերձ, չի հեռանար Մեսրոպին աննման գիրերէն։

*

Հայուն մէջ երկու հոգի կայ` վախկոտ մը եւ քաջ մը, կամ ստրուկ մը եւ հերոս մը։ Ամէն ազգի մէջ վախկոտը կը կծկուի քաջին ետեւը. ընդհակառակն է Հայուն մէջ. քաջը կը գտնուի վախկոտին տակը։ Ամէն բռնակալ կրնայ իր առաջին հոգին հանել։ Հանե՞ց. սոսկալի է հրաշքը։ Կը ցցուի պահեստի հոգին` խենթի նման։ Ու կը զարնէ։ Եւ իր հարուածը անսխալական է… Պապին պէս։

Երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր մէջի հերոսը ու վախկոտին հետ քաջաբար շուկայ կ’իջնէ` գրաւելու՛ համար Ոսկեբերդ մը։

*

Օտարներէն ոմանք կ’ըսեն, թէ առեւտուրի մէջ մէկ Հայ կրնայ խաբել երեք Իսրայելացի։ Իրենց ըսածը հաստատելու համար, սակայն, երեք հրեայ չեն կրնար ճարել` իբր սուտ վկայ։ Ու մանաւանդ կը մոռնան, որ քաղաքականութեան մէջ բաւական է եւրոպացի շոշորթ մը` խաբելու համար ամբողջ հայութիւնը։ Հայը, որ շէնցնող է, որ կը շինէ ոչ միայն իրը այլ եւ ուրիշներունը, անշուշտ, ունի վաճառականական տաղանդ. սակայն իր այդ ճարպիկութիւնը սկսած է այն տեղէն, ուր դադար մը առած է աշխարհի քաղաքական խարդաւանքը։

Աշխարհը ընդգրկող խաբէութեան մանեակ մը կայ։ Ճշդենք անոր վրայ Հայուն տեղը։ Հայը այդ խաբէութեան մանեակին մէջտեղէն կախուած մըն է։ Կախուած է` իբր խաչեցեալ ու Միւսին պէս, չէ կրցած միւռոնե՛լ խաչագողի երեսը՝ քրիստոնեայ աշխարհին։

 

Պիտակներ՝ , , ,

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԱՂԱՆԴ Է ԵՎ ԱՂԱՆԴԱԿԵՐՊ Է ԳՈՐԾՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաճախ Հայաստանում այն թյուր կարծիքն է ստեղծվում, թե միայն մենք հայերս ենք “Կյանքի Խոսքին” աղանդ համարում, մինչդեռ աշխարհը նրանց ու նրանց նմաններին ընկալում է որպես “նորմալ” բողոքական եկեղեցու մի մաս: Սա բացարձակ սխալ է: “Կյանքի Խոսքը” մինչեւ ուրիշ տեղեր ավերներ գործելը (ցավալիորեն Հայաստանում եւս եւ նաեւ հայության մեջ Ռուսաստանում եւ այլուր, եւ այն էլ դժբախտաբար բավական ակտիվ), ավերներ է գործել իր պարագլուխ Ուլֆ Էկմանի ծննդավայր Շվեդիայում եւ նաեւ Դանիայում:

Կյանքի Խոսք աղանդի կայքէջի հրապուրիչ նկարը

Կյանքի Խոսք աղանդի կայքէջի հրապուրիչ նկարը

Ուլֆ Էկմանի հարազատ հոգեզավակ Արթուր Սիմոնյանը, որ իրեն հռչակել է “հովիվ”, պարզապես դեմագոգիայի մեծագույն վարպետ է, այսպես կոչված “խոսքի վաճառական”, որը, թեեւ ամենուր փորձում է ներկայանալ որպես խաղաղասեր, հանիրավի զրպարտված եւ չարախոսված, մեր հայրերի բնութագրմամբ “առողջ մի գայլ է գառան մորթով կամ դիմակով”: Դիմակն էլ աստիճանաբար պատռվում է: Դրա համար էլ, երբ նրա ու իր նմանների դիմակը պատռող տեսանյութեր են հայտնվում համացանցում, անմիջապես փորձում է դրանք խափանել եւ ջնջել տալ` հեղինակային օրենքի խախտման պատճառաբանությամբ: Իսկ այդ նյութերը, որոնք շատ հաճախ վավերագրական կադրեր են իրենց “պաշտամունքներից”, “փառաբանություններից” եւ էլ չգիտեմ ինչերից, հստակորեն ուրիշ իրականություն են պարզում մարդկանց աչքերի առջեւ, քան այն, ինչ այս աղանդի վերնախավը փորձում է հրամցնել հանրությանը:

Ինչեւէ, այս մասին շատ է գրվել, չեմ կարծում անհրաժեշտություն կա կրկնելու ասվածը: Միայն ասեմ մեկ անգամ եւս` ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի` Կյանքի Խոսքը աղանդ է իր էությամբ, իր գործունէությամբ, իր քարոզությամբ, մարդկանց ուղեղների ու զգացումների վրա ներգործելու իր մեթոդաբանությամբ: Եւ սա չեմ ասում այս աղանդի ճանկերն ընկած մեր քույրերի եւ եղբայրների, ոչ էլ անգամ այս աղանդի պարագլուխների, նկատմամբ որեւէ ձեւով ատելություն սերմանելու նպատակադրությամբ: Ավելին Մեծն Ներսես Շնորհալու “Հաւատով Խոստովանիմ”-ի բառերով աղոթում եմ նրանց համար` “Ամենաողորմած Տէր, ողորմի՛ր բոլոր քեզ հաւատացողներին, իմս (մերը) եղողներին եւ օտարներին, ծանօթներին եւ անծանօթներին, ողջերին եւ մեռածներին. իմ (մեր) թշնամիներին եւ ինձ (մեզ) ատողներին էլ, որոնք իմ (մեր) նկատմամբ յանցանք գործեցին, թողութիւն պարգեւիր եւ նրանց ետ դարձրու չարութիւններից, որ ունեն իմ (մեր) հանդէպ…”

Աղոթենք եւ հուսանք (հույսը վերջինն է մեռնում), որ Արթուր Սիմոնյանն էլ օրերից մի օր կանդրադառնա իր գործած ավերածություններին եւ եթե իսկապես ազգասեր է (ինչպես ինքն է բնութագրում իրեն ու իր աղանդին), ապա կհասկանա, որ մեր ժողովրդին օտար ու վնասակար է իր ուսմունքը, իր քարոզությունը, իր աճպարարությունը, կեղծ բարեպաշտությունը:

Իսկ հիմա փաստացի տվյալներ Շվեդիայից, որտեղ ծնվել, ծլարձակվել ու ավերներ է գործել “Կյանքի Խոսքը”: Շվեդներից շատերը դեռ իր ժամանակին են հասկացել այս եւ նաեւ ուրիշ աղանդների կործանարար հետեւանքները: Մնում է հուսալ, բացատրել, աշխատել ու պայքարել, որ մեր խաբված քույրերն ու եղբայրներն էլ հասկանան սա: Ներկայացվող տեղեկությունները հիմնականում քաղվել են շվեդական բժշկական “Läkartidningen” ամսագրից կատարված գերմաներեն թարգմանությունից, որ կարելի է գտնել համացանցի մեջ:

* * *

Ըստ վերոհիշյալ ամսագրի ներկայացրած տեղեկությունների եւ տվյալների` “Կյանքի Խոսքը” արտաքնապես շատ բաներով նման է քրիստոնեական այլ համայնքների: Իրեն հարող անդամների վերահսկման մեթոդների մեջ սակայն այս շարժումը մեծ նմանություններ ունի մունականների, քրիշնայականների, սայենթոլոգիականների հետ: Այս փաստը հաճախ երեւում է այն դեպքերում, երբ տարբեր աղանդներից դուրս եկած նախկին անդամների փորձառությունները իրար հետ համեմատվում են:

Ստորեւ ներկայացվող տվյալները ընգրկում են “Կյանքի Խոսքի” աստվածաշնչական դպրոցի 43 նախկին աշակերտների կողմից տրված տեղեկությունները: Հարցված անձինք պատկանել են երկու սեռերին էլ եւ նրանց 80 տոկոսը մինչեւ 25 տարեկան են:

Հայտնաբերված ախտանշանները թվերով եւ տոկոսներով: Կարծում եմ թվերը բավական խոսուն են հստակ գաղափար կազմելու համար:

  • Վախի, սարսափի զգացում` 40 անձ, 93%:
  • Մղձավանջներ` 37 անձ, 86%:
  • Գիտակցությունը կորցնելու վախ` 33 անձ, 77%:
  • Դատարկության կամ Ունայնության զգացում` 38 անձ, 88%:
  • Կոնցետրացիոն խանգարումներ` 32 անձ, 75%:
  • Ինքնության կորստի զգացում` 26 անձ, 60%:
  • Զգացումները տիրապետելու բարդություններ` 39 անձ, 91%:
  • Մեղավորության զգացում`40 անձ, 93%:
  • Բարդություններ ընկերային հարաբերություններում`30 անձ, 72%:
  • Հետընթաց` 15 անձ, 35%:
  • Հոգեսոմատիկ ախտանշաններ`27 անձ, 63%:
  • Անձնասպան լինելու մտածումներ` 27 անձ, 63%:
  •  Անձնասպանության փորձեր` 10 անձ, 23%:
  •  Հոգեկան խանգարման ախտանշաններ` 20 անձ, 47%:

Տ. ՍԵՐՈՎԲԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆՅԱՆ

 
 

Պիտակներ՝ , , ,

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԱՂԱՆԴ Է

Արթուր Սիմոնյան

Ամիսներ առաջ ներկայացրել էի Երուսաղեմի Հայոց Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի պատրաստած ”Армяне не губите свои души” վերնագրով տեսաշարը, ինչը սակայն որոշ ժամանակ անց youtube կայքից անհայտացել է: Անհետացման պատճառը բոլորովին գաղտնիք չէ. կյանքի խոսք աղանդն ամեն ինչ արել է այն շարքից դուրս բերելու համար:

 Հայտնի է, որ շատ մարդիկ հենց այս տեսանյութի միջոցով են տեղեկացել, որ կյանքի խոսքը ո’չ միայն եկեղեցի չէ, այլև քայքայիչ ու շատ վտանգավոր աղանդ է…
 Ստորև կյանքի խոսք աղանդի և առհասարակ խարիզմատ հոսքի այլ աղանդների մասին ներկայացնում եմ այլ տեսանյութեր, որոնք համացանցից ջնջվելու վտանգի տակ դեռևս գոյատևում են` քաջ գիտակցելով, որ դրանով վտանգում են կյանքի խոսք աղանդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արթուր Սիմոնյանի բիզնես-վարկանիշը:

slaq.am «Անժելա Սարգսյանի և «Կյանքի խոսքի» կապի մասին»

“Կեանքի Խօսքը” եւ 1000-եայ Թագաւորութիւնը -2
(Ուշադրություն դարձրեք. այս տեսանյութի առաջին մասն արդեն կյանքի խոսքի հոտևորդների կողմից ջնջվել է):

ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ — մաս 1

ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ — մաս 2

Հետաքրքիր է, չնայած կյանքի խոսք աղանդի հետևորդների հիվանդագին ջանքերին` տեսանյութերն անընդհատ թարմացվում են և տեղադրվում ո’չ միայն youtube կայքում: Ջնջված հոլովակները ներկայիս հնարավոր է դիտել VKontakte սոց կայքի տեսադարանում: Կողմնորոշվելու և տեսանյութերն ավելի դյուրին կերպով գտնելու համար առաջարկում եմ հետևել ԱՐՈՐԴԻ բլոգի հետևյալ գրառմանը:

Ամենավերջում, ինձ մնում է խորհուրդ տալ բոլորին, ովքեր մտահոգ են մեր ազգի  հոգևոր անվտանգությանն առնչվող խնդիրներով, հեռու մնալ բոլոր տեսակի աղանդներից, աղանդներից հեռու պահել սեփական զավակներին և մարձավորներին, դիտել այս տեսանյութերը և իհարկե վերջում սեղմել Like կոճակը, ինչը կօգնի, որ տեսանյութերը համացանցում երկար կյանք ունենան և այս կարևոր տեղեկատվությունը տարածեն հնարավորինս շատ մարդկանց:

Մենք` հայերս, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակն ենք:

 
 

Պիտակներ՝ , , , , , , , , , , ,

Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր

Ներկայացնում եմ  tert.am-ի ուշագրավ հրապարակումներից մեկը` Գյումրիում գործող աղանդներից մեկի վերաբերյալ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է բացառիկ կադրեր «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներից մեկից: «Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է «հոգևոր հովիվ» կոչվող ոմն մեկը մտախավարման հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում: «Չենք լռելու»-ի համոզմամբ, տեսանյութը պետք է դառնա նաև իրավապահ մարմինների ուսումնասիրման առարկան:
Ներկայացվող կադրերն ապշեցնում են նորմալ մարդկանց գիտակցությունը բթացնելու, նրանց իրականությունից կտրելու` աղանդավորների կարողության առումով»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:

Նախաձեռնությունը խնդրում է բոլորին` աղանդների ծավալած վտանգավոր գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հայտնել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:

«Օտարածին կրոնական աղանդների մերկացումը պետք է դառնա յուրաքանչյուր գիտակից հայի պարտքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ մոլորության մեջ են ընկել»,- ասվում է հաղորդագրությունում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 
 

Պիտակներ՝ , , ,

Տեսանյութ «Կյանքի խոսք» աղանդի մասին

Ստորև ներկայացնում եմ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի պատրաստած ռուսալեզու տեսանյութը «Կյանքի խոսք» աղանդի մասին ”Армяне не губите свои души” վերնագրով: Չափազանց հետաքրքիր է ու սարսափազդու: Մեկ անգամ նայողը դժվար աղանդավոր դառնա:

Մաս 1

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Մաս 6

Մաս 7

Մաս 8

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 

Պիտակներ՝ , , , , , ,

Սուրբ Զատկի մասին ուշագրավ մանրամասներ

Ստորև, «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրագիտարանից (Երևան 2002) ներկայացնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին նվիրված բառահոդվածից մի հատված:

ԶԱՏԻԿ, սուրբ Զատիկ, Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Հին կտակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվել է Զատիկ Հարության: Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Պասեք բառը, որը V դ. Աստվածաշնչի հայ թարգմանիչները թարգմանել են Զատիկ, ծագում է եբրայերեն բիսախ (բեսախ) բառից, որը նշանակում է անցում, ելք կամ զատում: Զատիկ բառի վերջնական բացատրություն ցայսօր չկա, այն մե’րթ մեկնաբանվում է իբրև բիսախ բառի հայ. թարգմանություն` զատվելու, ազատվելու իմաստով, մե’րթ իբրև դիցաբանական անուն` սերված հին եգիպտ. Սադի, հին հնդկ. Սատի աստծո անունից (Ղ. Ալիշան), երբեմն էլ մեկնաբանվում է երկու նշանակությամբ` և’ որպես զոհ, և’ որպես ուրախության տոն, ազատություն (Հ. Աճառյան): Իր բարձրագույն իմաստով` Հին ուխտի Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նրա թափած սուրբ քավչարար արյունը և հառնումը մեռելների միջից` հանուն Աստծո ժողովրդի փրկության ու ազատության: Ըստ Հայր Աստծո կամքի և մարգարեությունների` Աստծո Որդին պիտի մարմնանար, չարչարվեր, խաչվեր, թաղվեր և երրորդ օրը հարություն առներ (Սաղմ. 15.9–11, 29.4, 40.11–13, 117.16–17, Օսէէ 6.2–3 ևն), ինչը և կատարվեց:
Հին ուխտում Զատիկ սկզբնավորվում է Մովսեսի և Ահարոնի միջոցով, Աստծո պատգամի համաձայն, Եգիպտոսում, իսրայելացիների ելքից առաջ, հրեից նիսան կամ աբիբ ամսի (մարտ կամ ապրիլ) տասնչորսերորդ օրը, երեկոյան (Ելք 12): Իսրայելացիները, առաջին Զատկից հետո և մինչև Ավետյաց երկրում հաստատվելը, հատուկ ծիսակարգով, ցայսօր կատարում են Զատկի տոնը` իբրև փրկության և ազատագրության տոն: Հին կտակարանի գրքերում բազմիցս հիշատակվում է Զատիկը (դրա հետ առընչված` նաև Զատկի գառը), որը, եկեղեցու մեկնաբանական ընթերցվածի համաձայն, Հիսուս Քրիստոսի նախօրինակն է կամ նրա խորհրդաբանությունը: Ինչպես որ Իսրայելը (Աստծո ժողովուրդը), գերի լինելով Եգիպտոսում (խորհրդաբանորեն` մեղքի ծառայության մեջ), նոխազի արյան (խորհրդաբանորեն` Հիսուսի արյան) միջոցով ճանաչվեց Տիրոջ կողմից, և զատված լինելով, խուսափեց Ոչնչացնողի (Ելք 12.23) հարվածներից ու դուրս եկավ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր (խորհրդաբանորեն` Աստծո թագավորություն), այդպես էլ Հիսուս Քրիստոսը` «Գառն Աստուծո» (Հովհ. 1.29), հեղեց իր սուրբ արյունը` հանուն մարդկության փրկության և հարություն առավ` զատվեց մեռելներից, մեզ ևս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը` Սուրբ Հոգու միջոցով:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):

Զատկի տոնը քանիցս հիշվում է նաև Նոր կտակարանում: Ընդ որում` այդ տոնին մասնակցել է նաև ինքը` Հիսուսը. առաջին Զատկին, մտնելով Երուսաղեմի տաճարը, վտարել է առևտուր անողներին (Հովհ. 2.13–23): Վերջին Զատիկը Հիսուսը կատարել է իր երկրային ընթացքի վերջին տարին, Զատկի (Բաղարջակերաց) տոնին, հենց Պասեքի երեկոյան (ինչպես զատկական առաջին գառը` Հին ուխտում), մատնությունից և խաչելությունից առաջ (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–24, Ղուկ. 22.1–21): Առաքյալները Հիսուսին և’ ԶԱՏԻԿ, և’ Զատկի գառ են անվանում` նկատի առնելով նրա փրկարար զոհագործությունը և ս. Հարությունը: «Ես իսկ եմ հարություն և կյանք»՚ իր մասին վկայել է Հիսուսը (Հովհ. 11.25):
Ըստ Նոր կտակարանի (Մատթ. 28, Մարկ. 16, Ղուկ. 24, Հովհ. 20, 21)` խաչյալ և թաղյալ Հիսուսը երրորդ օրը (միաշաբթի կամ կիրակի) առավոտյան հարություն է առել, երևացել Մարիամ Մագդաղենացուն, ապա առաքյալներին` Պետրոսին, Հովհաննեսին և մյուսներին` Երուսաղեմում: Ութ օր հետո դարձյալ հայտնվել է աշակերտներին` Թովմասին հավատքի մեջ հաստատելու համար: Երրորդ ան-
գամ հարուցյալ Հիսուսը աշակերտներին երևացել է Գալիլիայում, ծովեզերքին: Քառասուն օրերի ընթացքում նա հայտնվել է շատերին, այդ թվում նաև Էմմավուսի ճամփորդներին` հավաստելով իր հարությունը մարմնով, ապա Ձիթենյաց լեռան վրայից համբարձվել երկինք:
Զատկի տոնախմբության օրը (Հարության ճշգրիտ թվականը) քննարկման առարկա է դարձել եկեղեցիների միջև: Նիկիայի Ա տիեզերական ժողովը (325) որոշել է Զատկի օրը առանձնացնել հրեական Պասեքից և որպես շարժական տոն, ըստ Ալեքսանդրյան կանոնի, տոնել գարնանային օրահավասարին հաջորդող ա-
ռաջին կիրակի օրը: Հետագայում, երբ տոմարը փոփոխության է ենթարկվել, օրթոդոքս եկեղեցին հավատարիմ է մնացել հուլյան տոմարին, որով Զատիկը կատարում են 13 օրվա տարբերությամբ:
Մինչև Զատիկը լինում է պահք (քառասնօրյա պաս` շաբաթ-կիրակիները հանած), որը սկսվում է Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Որպես բեղմնավոր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանշան` ներկվում է կարմիր ձու (հավկիթ): Գրիգոր Տաթևացին ձուն համարել է աշխարհի խորհրդանշանը. դրսի կեղևը` երկինքը, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը: Իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել էՔրիստոսի արյունով: Ենթադրվում է, որ ձվի գործածությունը հրեաներից է փոխանցվել քրիստոնյաներին, որովհետև Պասեքի տոնի սեղանին զատկական գառան մսի հետ դրվել է նաև խաշած ձու: Ըստ ավանդություններից մեկի` Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ` քարոզելու: Ներկայանալով Տիբերիոս կայսրին` նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. «Քրիստոս
հարյավ ի մեռելոց»:
Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» և «Փառք Քրիստոսի ամենազոր հարության» պատասխանները: Զատկի հաջորդ օրը լինում է մեռելոց. Հիսուսի Հարության ավետիսը հայտնըվում է նաև ննջեցյալներին, որոնք ևս պիտի հառնեն Փրկչի Երկրորդ գալստյան ժամանակ: Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակամիջոցը կոչվում է Հինունք (Հիսունք), այսինքն` հիսուն օր, որոնք բոլորն էլ նվիրված են Քրիստոսի Հարությանը, և այդ ընթացքում պասի օրեր չեն նշանակված: Հինունքի շրջանի բոլոր կիրակիներն էլ տոնական են և ունեն առանձին անուններ:
Տարվա բոլոր կիրակիները ևս Հարության տոներ են, և երբ ուրիշ Տերունի տոն է հանդիպում, Հարությունը չի ջնջվում, այլ խառնվում է մյուս Տերունի տոնի հետ: Մեծ պահքի յոթ կիրակիների մեջ ևս Հարության հիշատակը չի ջնջվում, բայց Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ Հարությանը պատշաճեցված տոները նվազեցվել են:
Ներկայումս Հայ եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (35 օրվա շարժականությամբ, մարտի 21-ից հետո` մինչև ապրիլի 26-ը):

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 

Պիտակներ՝ , , ,