RSS

Tag Archives: կյանքի խոսք աղանդ

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԱՂԱՆԴ Է ԵՎ ԱՂԱՆԴԱԿԵՐՊ Է ԳՈՐԾՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաճախ Հայաստանում այն թյուր կարծիքն է ստեղծվում, թե միայն մենք հայերս ենք “Կյանքի Խոսքին” աղանդ համարում, մինչդեռ աշխարհը նրանց ու նրանց նմաններին ընկալում է որպես “նորմալ” բողոքական եկեղեցու մի մաս: Սա բացարձակ սխալ է: “Կյանքի Խոսքը” մինչեւ ուրիշ տեղեր ավերներ գործելը (ցավալիորեն Հայաստանում եւս եւ նաեւ հայության մեջ Ռուսաստանում եւ այլուր, եւ այն էլ դժբախտաբար բավական ակտիվ), ավերներ է գործել իր պարագլուխ Ուլֆ Էկմանի ծննդավայր Շվեդիայում եւ նաեւ Դանիայում:

Կյանքի Խոսք աղանդի կայքէջի հրապուրիչ նկարը

Կյանքի Խոսք աղանդի կայքէջի հրապուրիչ նկարը

Ուլֆ Էկմանի հարազատ հոգեզավակ Արթուր Սիմոնյանը, որ իրեն հռչակել է “հովիվ”, պարզապես դեմագոգիայի մեծագույն վարպետ է, այսպես կոչված “խոսքի վաճառական”, որը, թեեւ ամենուր փորձում է ներկայանալ որպես խաղաղասեր, հանիրավի զրպարտված եւ չարախոսված, մեր հայրերի բնութագրմամբ “առողջ մի գայլ է գառան մորթով կամ դիմակով”: Դիմակն էլ աստիճանաբար պատռվում է: Դրա համար էլ, երբ նրա ու իր նմանների դիմակը պատռող տեսանյութեր են հայտնվում համացանցում, անմիջապես փորձում է դրանք խափանել եւ ջնջել տալ` հեղինակային օրենքի խախտման պատճառաբանությամբ: Իսկ այդ նյութերը, որոնք շատ հաճախ վավերագրական կադրեր են իրենց “պաշտամունքներից”, “փառաբանություններից” եւ էլ չգիտեմ ինչերից, հստակորեն ուրիշ իրականություն են պարզում մարդկանց աչքերի առջեւ, քան այն, ինչ այս աղանդի վերնախավը փորձում է հրամցնել հանրությանը:

Ինչեւէ, այս մասին շատ է գրվել, չեմ կարծում անհրաժեշտություն կա կրկնելու ասվածը: Միայն ասեմ մեկ անգամ եւս` ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի` Կյանքի Խոսքը աղանդ է իր էությամբ, իր գործունէությամբ, իր քարոզությամբ, մարդկանց ուղեղների ու զգացումների վրա ներգործելու իր մեթոդաբանությամբ: Եւ սա չեմ ասում այս աղանդի ճանկերն ընկած մեր քույրերի եւ եղբայրների, ոչ էլ անգամ այս աղանդի պարագլուխների, նկատմամբ որեւէ ձեւով ատելություն սերմանելու նպատակադրությամբ: Ավելին Մեծն Ներսես Շնորհալու “Հաւատով Խոստովանիմ”-ի բառերով աղոթում եմ նրանց համար` “Ամենաողորմած Տէր, ողորմի՛ր բոլոր քեզ հաւատացողներին, իմս (մերը) եղողներին եւ օտարներին, ծանօթներին եւ անծանօթներին, ողջերին եւ մեռածներին. իմ (մեր) թշնամիներին եւ ինձ (մեզ) ատողներին էլ, որոնք իմ (մեր) նկատմամբ յանցանք գործեցին, թողութիւն պարգեւիր եւ նրանց ետ դարձրու չարութիւններից, որ ունեն իմ (մեր) հանդէպ…”

Աղոթենք եւ հուսանք (հույսը վերջինն է մեռնում), որ Արթուր Սիմոնյանն էլ օրերից մի օր կանդրադառնա իր գործած ավերածություններին եւ եթե իսկապես ազգասեր է (ինչպես ինքն է բնութագրում իրեն ու իր աղանդին), ապա կհասկանա, որ մեր ժողովրդին օտար ու վնասակար է իր ուսմունքը, իր քարոզությունը, իր աճպարարությունը, կեղծ բարեպաշտությունը:

Իսկ հիմա փաստացի տվյալներ Շվեդիայից, որտեղ ծնվել, ծլարձակվել ու ավերներ է գործել “Կյանքի Խոսքը”: Շվեդներից շատերը դեռ իր ժամանակին են հասկացել այս եւ նաեւ ուրիշ աղանդների կործանարար հետեւանքները: Մնում է հուսալ, բացատրել, աշխատել ու պայքարել, որ մեր խաբված քույրերն ու եղբայրներն էլ հասկանան սա: Ներկայացվող տեղեկությունները հիմնականում քաղվել են շվեդական բժշկական “Läkartidningen” ամսագրից կատարված գերմաներեն թարգմանությունից, որ կարելի է գտնել համացանցի մեջ:

* * *

Ըստ վերոհիշյալ ամսագրի ներկայացրած տեղեկությունների եւ տվյալների` “Կյանքի Խոսքը” արտաքնապես շատ բաներով նման է քրիստոնեական այլ համայնքների: Իրեն հարող անդամների վերահսկման մեթոդների մեջ սակայն այս շարժումը մեծ նմանություններ ունի մունականների, քրիշնայականների, սայենթոլոգիականների հետ: Այս փաստը հաճախ երեւում է այն դեպքերում, երբ տարբեր աղանդներից դուրս եկած նախկին անդամների փորձառությունները իրար հետ համեմատվում են:

Ստորեւ ներկայացվող տվյալները ընգրկում են “Կյանքի Խոսքի” աստվածաշնչական դպրոցի 43 նախկին աշակերտների կողմից տրված տեղեկությունները: Հարցված անձինք պատկանել են երկու սեռերին էլ եւ նրանց 80 տոկոսը մինչեւ 25 տարեկան են:

Հայտնաբերված ախտանշանները թվերով եւ տոկոսներով: Կարծում եմ թվերը բավական խոսուն են հստակ գաղափար կազմելու համար:

  • Վախի, սարսափի զգացում` 40 անձ, 93%:
  • Մղձավանջներ` 37 անձ, 86%:
  • Գիտակցությունը կորցնելու վախ` 33 անձ, 77%:
  • Դատարկության կամ Ունայնության զգացում` 38 անձ, 88%:
  • Կոնցետրացիոն խանգարումներ` 32 անձ, 75%:
  • Ինքնության կորստի զգացում` 26 անձ, 60%:
  • Զգացումները տիրապետելու բարդություններ` 39 անձ, 91%:
  • Մեղավորության զգացում`40 անձ, 93%:
  • Բարդություններ ընկերային հարաբերություններում`30 անձ, 72%:
  • Հետընթաց` 15 անձ, 35%:
  • Հոգեսոմատիկ ախտանշաններ`27 անձ, 63%:
  • Անձնասպան լինելու մտածումներ` 27 անձ, 63%:
  •  Անձնասպանության փորձեր` 10 անձ, 23%:
  •  Հոգեկան խանգարման ախտանշաններ` 20 անձ, 47%:

Տ. ՍԵՐՈՎԲԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆՅԱՆ

 
 

Պիտակներ՝ , , ,