RSS

Category Archives: ԱՌՕՐՅԱ

լուրեր, գալիք իրադարձություններ

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԸ…

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունում իրարանցում էր: Փոքրիկ դահլիճի երեք ջահերը համաչափորեն ճոճվում էին: Տեսարանը չափազանց դրամատիկ էր, իսկ այդ պահին գլխումս ծագած բոլոր մտքերը` միանշանակ ողբերգական… Հապաղելով, ծուլորեն, անգամ ժպտալով ու միմյանցից նրբանկատորեն թաքցնելով սեփական ներաշխարհում տիրող խուճապը, դուրս եկանք մաքուր օդի: Թեթևակի գլխապտույտ զգացի. նույն պահին լսեցի աղջիկներից մեկի ձայնը. «երեխերք, գլուխս ֆռռում ա…»: Հիշեցի, որ նման բաներն օրինաչափ են: Մեղքս ումի՞ց թաքցնեմ. եկեղեցու բակից սկսեցի զննել այդ տարածքից երևացող բաձրահարկ շենքերը. «Տեսնես ինչ-որ տեղ ողբերգություն եղե՞լ է…»:

Բանն այն է, որ երեկ` 2011թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 15.40-ի մոտակայքում «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում գրանցվեց առաջին երկրաշարժը:

Հիշեցի, որ կինս իր բոլոր հորաքույր-մորաքուրների և նրանց դուստրերի հետ մեր տանն է: Պատկերացրեցի, թե ինչպես են  աստիճաններով իջնում` բղավելով ու ճչալով: Անմիջապես զանգահարեցի. իմ երևակայած կանացի աղմուկն արդարացված էր:

Երբ երիտասարդներին առաջարկեցի եկեղեցի մտնել ու աղոթել` ինձ թվաց թե ոչնչով չեմ տարբերվում վաղամեռիկ Կիկոսի պապից, երբ իր «ոչնչից դժբախտացած» դուստրերին հրավիրում էր «քելեխ ուտելու»:

Տեր Հոր կարդացած «Պահպանիչը»` եկեղեցու բարձրիկ գմբեթից կախված, դեռևս համառորեն ճոճվող ջահի ու շորորացող կանթեղների ներքո` օրվա հիմնական դասն էր… Եվ աղոթքի այդ պահին այնքան խտացած կարոտ ու ջերմություն կար տագնապած մեր սրտերի ու Սուրբ Խորանի հանդիպման մեջ, մեր աչքերի խորքում անթեղված վախի ու Տիրամոր լուսե աչքերի մեջ…

Հ. Գ.
 ինչպես քիչ անց իմացանք` աղետը 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր, էպիկենտրոնը` Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի մոտակայքում: 
 

Պիտակներ՝ ,

Տաթև. թռիչքներ երազում և արթմնի

Հիմա, երբ աշխարհս կրկին նեղացել է մոնիտորի էկրանի չափ, երբ հայացքս պատնեշում են քաղաքի աղմկոտ դատարկությունը եզրագծող անվերջանալի շենքերը, առավել ուժգին են ականջիս լսվում վանքի զանգերի սթափեցնող ձայները…ես փակում եմ աչքերս` կոպերովս շոյելով Սյունյաց աշխարհի հրաշք պատկերները, եվ լեռնապարար իմ ուխտի ճամփան կրկին սկսվում է:

Առավոտ լուսո, արեգակն արդար

 Ու՞ր են տանում մեզ ճանապարհները, որոնք մենք ենք  ուղենշել  ինքներս մեզ համար, ի վերջո հասնու՞մ ենք այնտեղ, որտեղ ուզում ենք: Գտնու՞մ ենք այն դրախտը, որ փնտրում ենք. մեր նախագծած դրախտը: Իսկ եթե գտնում ենք, մի՞թե այդ դրախտը պատրանք չէ` անծայրածիր անապատով անցնող մոլորված ճանապարհորդի աչքին թվացող:

Երանի նրան, ով արեգակին դիմավորում է աղոթքով, ով իր ճանապարհը սկսում է օրհնությամբ, ով գնում է Ճշմարտության ճանապարհով, ով այդ ճանապարհը անցնում է սիրով և ուրախությամբ, ով սիրում է այդ ճանապարհին հանդիպածներին, ով միայնակ չի գնում….

Ավտոբուսում տեղս չեմ գտնում ոգևորությունից (երբեմն ինչ քաղցր է սպասումը).

գնում եմ նորոգելու այն, ինչն  ամեն օր անհոգ անփութությամբ քանդում եմ սեփական ձեռքերովս, գնում եմ շատ հեռու…գնում եմ չվերադառնալու հույսով, գնում եմ գտնելու կորցրածս աղոթքը…Գնում եմ Ավետյաց երկիր…

Ավտոբուսի մեջ հարազատ և ոչ հարազատ դեմքեր են: Լույսը բացվել է, նայում եմ ճանապարհին, ուզում եմ կլանել ամեն ակնթարթը, ուզում եմ յուրաքանչյուր պատկերը ներծծվի իմ մեջ, ուզում եմ հավերժ տեսնեմ այն, ինչ տենում եմ հիմա:

  Կեսօր

 -Դատ արա ինձ, Աստվա′ծ, և իրավ արա ինձ դատաստանի իմում:

Երգչախումբը երգում է, պատարագիչ քահանան շարունակում է իր խոսքն ասել, բուրվառում խունկն է ծխում…

Ոչինչ չեմ հասկանում, կոպերս ծանր են մեղքերիս նման, աչքերս փակվում են, ծնկներս այլևս չեն դիմանում մարմնիս ծանրությանը….

Չեմ հեռանում, շարունակում եմ դիմակայել կոպերիս ծանրությանը…չգիտեմ էլ ինչու:

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ,

Որ Էնն Ատված բազմեցավ…

— Քրիստոս մեր մեջ հայտնեցավ: Մի կին ջերմորեն գրկում է ինձ:

—  Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

— Ըզդրունս, ըզդրունս…

Նայում եմ. կինը ծնկաչոք աղոթում է ու լացում: Ի սրտե նախանձում եմ:

Վերջացավ:

Ոչինչ կատարյալ չէ: Ոգևորությունս հետզհետե ցնդում է թեժացող արևի տակ, շուրջս` հիմնականում ոչ հարազատ դեմքեր, սկում եմ չափել, ձևել, դատել…մի՞թե չեմ զգալու այն, ինչ զգացել եմ նախորդ անգամները: Նայում եմ Վանքին. մի′ հանձնվիր: Օտար մարդիկ…գնալով շատանում են, անհեթեթ խոսակցություններ ու ծիծաղ…ուզում եմ վանքը ամուր գրկել ու փախչել…

«Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս

որ պատրատեալ է մեզ ի Տեառնե: Օրհնեալ է Տեր ի պարգևս յուր: Ամեն»:

Հավատով Խոստովանիմ (Ճանապարհ Անապատով)

 Եղել են ժամանակներ, երբ անապատում անդադար աղոթել են, անդադար ստեղծագործել  և  զորուգիշեր  փառք տվել Աստծուն:

Հավատով խոստովանիմ, Եվ երկիր պագանեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ բնություն, Արարիչ հրեշտականց և մարդկան և ամենայն եղելոց, ողորմեա քո արածոց և ինձ` բազմամեղիս:

Այդ վայրերում աղոթքը երբեք չի դադարում….

Մարիամ-Մթնշաղի Անուրջ

 Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկը ծնվում: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է ինչ-որ մեկն ուրախանում, որ ծնվեց: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է այդ մեկն սպասում իր ծնվելուն: Նրա հետ սպասե՞լ եք: Երբևէ տեսե՞լ եք կատարյալ սիրո ու ցնծության հանրություն: Ես տեսա…

Քույր իմ, ես խոստանում եմ` այս ճանապարհը մենք միասին կանցնենք:

Գիշեր

 -Արթուն մնացեք և աղոթեցեք,որպեսզի փորձության մեջ չընկնեք

 Երևի դրախտում գիշերներն էսպես կլինեն`մտածեցի: Կլինեն լեռների վրա հազար տարի առաջ կառուցած վանքեր, մենք կքնենք այդ վանքերում` մոմերի նվաղող լույսի տակ, երկու հոգի կերգեն մեզ համար, ինչ-որ մեկը ծալապատիկ կնստի ու կաղոթի ողջ գիշեր, ես կքնեմ…

Ձայների լռեցին,արթնացա: Այս բույրը, այս խենթացնող բույրը, մյուռոնի այս անուշ բուրմունքը…իմ չարտասանված աղոթքն է, Աստծո սերն է, որ ես ամեն վայրկյան զգում եմ այստեղ:

Կիսաքուն պառկած եմ: Ցրտից ու խոնավությունից չեմ կարողանում քնել: Ինչ-որ մեկը իր ծածկոցն է գցում վրաս: Ո՞վ ես, բարի մարդ: Աչքերս փակվեցին…

Արևագալ

 Ես համաձայն եմ ողջ կյանքս արթնանալ առավոտյան ժամը յոթին, միայն թե ինձ արթնանցեն վանքի զանգերը:

Առավոտյան ժամերգություն…իմ ներկա բացակայությունը կամ բացակա ներկայությունը կրկին ակնհայտ է:

Բարև արև, աղոթքս չես բերել, գոնե ջերմացրու ինձ:

Օգնիր ինձ Մարիամ անաղարտ մնալ

 Հայր Սուրբը պատմում է տիրամոր մասին: Երբևէ  ցանկացե՞լ եմ այդան անարատ լինել: Որքան հեռու եմ ես Քեզանից, բայց որքան ուժեղ եմ զգում ես Քո սերը: Սիրտս անհասկանալի բերկրանքով է լցվում, ուզում եմ ամուր գրկել Քեզ: Տիրամայր, միայն դու կարող ես հասկանալ ինձ` մեղավորիս, քո կատարյալ մաքրությամբ: Բոլոր մայրերի մայր, օգնիր ինձ, բարեխոս եղիր իմ և իմ միջև:

Քո առջև եմ ընկնում, Սուրբ Աստվածածին, և աղաչում անաղարտ կույսիդ` բարեխոսիր մեր անձանց համար և աղաչիր Միածին Որդուդ` փրկել մեզ փորձությունից և մեր բոլոր վտանգներից:

 

Աղոթում եմ…

Եթե հիմա ինձ հարցնեն, թե ինչ տեսք ունի սերը, կասեմ` Տիրամորն է նման:

Վերադարձ

 Տաթև գնալուց առաջ Սեյրան սարկավագն ինձ ասաց` “ Աննա ջան, կգնաս Տաթև, կտեսնես Հայր Միքայելին, կհասկանաս, թե ես ինչի եմ սիրում մեր եկեղեցին”:

Մեզ ճանապարհելիս Հայր Սուրբը մոտավորապես էսպիսի մի բան ասաց` հուսով եմ կգնաք մեր հայրենիքի նկատմամբ ավելի խորը սիրով:

Անուշաբույր Վանք հեռանում եմ քեզանից…

…….

 Հիմա նստած մտածում եմ այդ ամենը երազ էր, թե՞ իրականություն: Տարօրինակ ուխտագնացություն էր: Առաջին անգամն է, որ ապրումներս իրենց լրումին են հասնում ոչ թե ուխտագնացության ընթացքում, այլ հետո: Հիմա նստած կարոտում եմ բոլորին…

Ես հաստատ գիտեմ հիմա` անքննելի են Աստծո և Սիրո ճանապարհները: Հիմա մի բան ևս հաստատ գիտեմ` իմ աղոթքի ճանապարհը իմ հայրենի լեռներով ու այդ լեռներում խոնարհ, բայց միևնույն ժամանակ հպարտ կանգնած վանքերով է անցնում, և ես այդ աղոթքի ճանապարհի տերն ու խոնարհ ծառան եմ:

Քրիստոս պատվիրեց.

“Սիրիր քո տեր Աստծոն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով”:

“Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”:

Տաթևում ես զգացի դա: Բայց Տաթևում ես զգացի, որ ևս երկու չգրված պատվիրան կա`

“Սիրիր քո Եկեղեցին քո անձից առավել”

“Սիրիր քո Հայրենի Հողը քո անձից առավել”:

Տաթևում ես հասկացա նաև, որ սերը այն է, երբ առավոտյան արթնանում ես քո վրա ուրիշի հոգատար ձեռքերով գցված ծածկոցների ջերմությամբ պարուրված:

Աննա Բարսեղյան

Հ.Գ. Հուսով եմ Այնտեղ բոլորս միասին կլինենք:

 
 

Պիտակներ՝ , , , ,

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 2-ին, Փրկչի Համբարձման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կատարեց քահանայական ձեռնադրություն և օծում:

Պատարագիչ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ սարկավագների. սբ. մյուռոնով օծելով նորընծաների ճակատներն ու ձեռքերը`  նրանց շնորհեց հոգևոր նոր անուններ: Կարեն սարկավագ Անանյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա,  Արթուր սարկավագ Տիգրանյանը` Տ. Կոմիտաս քահանա, Համլետ սարկավագ Մովսիսյանը` Տ. Սիմեոն քահանա, Արմեն սարկավագ Սողոյանը` Տ. Մերուժան քահանա, Արթուր սարկավագ Հովհաննիսյանը ` Տ. Ստեփաննոս քահանա, Սուրեն սարկավագ Արաբյանը` Տ. Համբարձում քահանա, Էմին սարկավագ Խաչատրյանը` Տ. Թովմա քահանա:

Ավարտելով հընթացս պատարագի կատարվող ձեռնադրության կարգը` Սրբազան Հայրը դիմեց նորընծա քահանաներին` շնորհավորելով ձեռնադրության շնորհին արժանանալու առիթով: «Այսօր ծնվեցին յոթ սպասավորներ մեր Ս. Եկեղեցու: Նրանք դարձան քահանաներ և Աստծո հոգին` ս. մյուռոնի դրոշմամբ, իջավ նրանց վրա: Նրանք կոչվեցին ծառայելու, Ս. Գիրքը քարոզելու, օժանդակելու բոլոր կարոտյալներին, մարդկանց մեջ սերը զորացնելու և դառնալու աղն ու լույսն այս աշխարհի, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է Ավետարանում: Այս տոնական օրը աղոթենք և մաղթենք, որ հայրերի ոգին, որոնց անունները ստացան այս քահանա հայրերը, միշտ նորոգի և ներշնչի նրանց` իրենց կյանքը զոհաբերելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու մեր ժողովրդին», — նշեց Սրբազանն իր խոսքում: Իր քարոզում Հովակիմ Սրբազանը նաև անդրադարձավ եկեղեցականի կոչմանը և կարևոր առաքելությանը` պատգամելով քահանաներին իրենց հետագա ծառայության վայրերում ամրապնդել հայորդիների հավատը, վառ պահել նրանց սրտում սերը մեր Եկեղեցու հանդեպ, սերը ազգային արժեքների ու ավանդույթների հանդեպ:

Համբարձման տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև 1441թ. Հայոց Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով Ս. Պատարագի ընթացքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` առաքելահիմն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և լուսավորչահաստատ Հայրապետական Ս. Աթոռի անսասանության և պայծառության համար:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաև  վեղարի տվչության արարողություն: Նորընծաներից Տ. Համբարձում և Տ. Թովմա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: Արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Վեհարանում ընդունեց և իր հայրական պատգամն ու օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 
 

Պիտակներ՝ , , ,

«Ռեմա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտում «Մանանա» ծրագրի շրջանակներում

«Ռեմա» ֆիլմի վերնագիրը կարդալուց հետո առաջին միտքը, որ ունեցա հետևյալն էր. «Աղանդավորներն էլի պարապությունից կինո են նկարել»: Եվ քանի որ ֆիլմի վերնագիրը կարդացել էի սանուհուս` Հասմիկի ֆեյսբուքյան էջում, հենց նրանից էլ փորձեցի ճշտել մանրամասներ: Հասմիկն ինձ ուղարկեց ֆիլմի մտահղացման հեղինակ և սցենարիստ Ատակ Կոլյանի ԱնՅանգիստ բլոգի լինքը, որտեղից էլ ճշգրիտ տեղեկությունններ քաղեցի այդ ֆիլմի մասին:
Արտակի բլոգում գտա նաև ֆիլմի թրեյլերը, որն ինձ շատ հրապուրեց: Խնդրեմ, կարող եք հրապուրվել և ինքներդ:

Ինչևէ, խոսքս, իմ սովորության համաձայն, չերկարացնելու համար, ասեմ, որ  «Ռեմա» ֆիլմին ծանոթանալուց հետո, որն ամենևին էլ կապ չունի համանուն աղանդավորական կազմակերպության հետ, ցանկություն ունեցա ֆիլմի դիտում կազմակերպել «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում:

Արդյունքում, անցյալ կիրակի, այսինքն` երեք օր առաջ, ֆիլմի ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի և սցենարի հեղինակ Արտակ Կոլյանի մասնակցությում, տեղի ունեցավ ֆիլմի դիտումը և քննարկումը: Ի դեպ, ինչպես ԱնՅանգիստ բլոգը պրպտելիս պարզաբանեցի, «Մանանա»-յի շրջանակներում կազմակերպված այս փոքրիկ ցուցադրությունը «Ռեմա»-յի երկրորդ հրապարակային ցուցադրությունն էր: Չնայած, որ տեխնիկական ու, խոսքը մեր մեջ, նաև թափթփվածության պատճառներով, ֆիլմը սկսեցինք դիտել գրեթե մեկ ժամ ուշացումով. իսկ այդ ընթացքում ես մի քանի անգամ, ինչպես ասում են`«գնացի էն աշխարհ, հետ եկա», այնուամենայնիվ ֆիլմի թողած դրական տպավորությունն աննկարագրելի էր: Իսկ քննարկումը ֆիլմի երիտասարդ հեղինակների հետ, անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Դիտենք մի քանի նկարներ.

Համառորեն չմիացող հեռուստացույց

Համառորեն չմիացող հեռուստացույց

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

«Ռեմա»-յի հեղինակներն համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

«Ռեմա»-յի հեղինակները համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

Հանդիպման վերջին կադրը

Հանդիպման վերջին կադրը

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն :)

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն 🙂

Մեկ անգամ ևս, «Մանանա» ծրագրի մասնակից երիտասարդների անունից շնորհակալություն հայտնելով  Դավիթ Ներկարարյանին և Արտակ Կոլյանին` մաղթում եմ, որ Աստծո օրհնությունը նրանց կյանքում առատ լինի, որպեսզի շարունակեն իրենց ստեղծագործական աշխարհով հիացմունք պատճառել շատերին:

Չգիտեմ, թե ով ինչ քաղեց ֆիլմից և մեր երիտասարդ երկու հյուրերի հետ ունեցած մտերմիկ զրույցից, սակայն ես մի բան շատ լավ հասկացա, որ այս ֆիլմում ներկայացված երկու «մերօրյա պատմիչները»` Արևշատն ու քույր Սոխակը` իբրև բանավոր ավանդության կենդանի կրողներ, իրենց տեսակի մեջ չկրկնվող ու եզակի մարդիկ են:

Արևշատը` իբրև գեղջկական իմաստության խտացում, «քյավառա» բարբառով կարող է կարդալ ու բացատրել Նորադուզի հռչակավոր խաչքարերի ամենաանբացատրելի թվացող զարդաքանդակներն անգամ: Նա կարծես ծնվել է մարդկանց թարգմանելու խաչքարերի լեզուն… Իսկ քույր Սոխակը, ասես ծնված հնամյա Սանահինի խոնավ պատերի աղոթքներից, նման միջնադարյան մենաստաններում թրծված ասացողներին, դեմքի հատուկ միստիկական խաղաղությամբ ու հանդարտությամբ, ներկայանում է իբրև հավատքի և ասքի ճշմարիտ ու անսպառ մի ներդաշնություն:

«Ռեմա»-ն, որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է «կենդանի խոսք», երբեք չկորսվող արժեք է: Եվ միշտ հայրենի մեր հագեցած հողը կծնի կենդանի խոսքի աղբյուրներ… Այս արևի ներքո միշտ կլինեն սակավաթիվ, բայց կենդանի խոսքը կրող մարդիկ, ինչպես այս ֆիլմում Արևշատն ու քույր Սոխակն են` հայ բազմադարյա բանավոր ավանդության առասպելական գանձապարահանները…

 

Պիտակներ՝ , , , , , , ,

Կատարվեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքը

Ապրիլի 30-ին մայրաքաղաք Երևանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կառուցվող Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Ս. Աննա եկեղեցին և Ամենայն Հայոց Հայրապետի երևանյան նստավայրը կառուցվում են բարերարությամբ տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյանների:

Արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և բազում հյուրեր:

Հիմնարկեքի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ սրբալույս մյուռոնով օծեց 16 խաչանիշ քարեր: Օծված քարերը եկեղեցու 16 կնքահայրերը` Հրայր Հովնանյանը, Վահագն Հովնանյանը, Ռադիկ Վանունցը, Մարտին Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը, Վահագն Մովսիսյանը, Աշոտ Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Արայիկ Յաղջյանը, Գևորգ Յաղջյանը, Արսեն Վարդանյանը, Ավո Խալաթյանը, Վահե Շխռդմյանը, Գարիկ Չիլինգարյանը, Հայկ Շատվերյանը և Էդվարդ Բալասանյանը զետեղեցին եկեղեցու հիմքերում:

Այնուհետև Արշակ Սրբազանն ընթերցեց հիմնարկեքի առիթով կազմված հիշատակարանը: «Բարեհաճ կամոքն Աստուծո 2011 թվականի ապրիլ 30-ին կատարվեց հիմնօրհնեքը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևանյան նստավայրի, որ կառուցվում են ազգային բարերարներ տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյան ամոլի ազնիվ հովանավորությամբ` ի փառս Աստծու, ի պայծառություն մեր Եկեղեցու և ի բարեզարդումն մեր ժողովրդի հոգևոր կյանքի:
Նորակառույց եկեղեցին օրհնություն պիտի բաշխի նվիրական մեր հողին` ծառայելով աստվածասեր մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին և նորոգ պայծառությանը: Թող Սուրբ Աննան հավետ բարեխոս լինի առ Բարձրյալն Աստված` վասն Հայրենյաց և ազգիս հայոց և Եկեղեցւույս Հայաստանյայց:
Թող Ամենախնամ Աստված առատապես օրհնի երախտարժան բարերարներ Հրայր և Աննա Հովնանյաններին և նրանց զավակներին` շնորհելով կենաց արևշատություն, ազգանվեր և եկեղեցաշեն գործոց նորանոր հաջողություններ»- մասնավորաբար ասվում է արձանագրության մեջ: Ապա Նորին Սրբությունը հրավիրեց բարերար Հրայր Հովնանյանին հիշատակարանն ամփոփելու եկեղեցու հիմքերում:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 
 

Պիտակներ՝ , , , ,

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված երթ և զատկական Սուրբ Պատարագ Վարշավայում

Ամեն տարի` ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում նշում է Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերի հիշատակի օրը: Լեհաստանում բնակվող հայերը ևս անմասն չմնացին համազգային այդ իրադարձությունից: Երթը, որին մասնակցում էին հատկապես Վարշավաբնակ հայերը, կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ աբեղա
Ծատուրյանի նախաձեռնությամբ և վարշավաբնակ Էդգար Բրոյանի օժանդակությամբ:
Այս տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը համընկել է Հայոց Եղեռնի օրվան` ապրիլի 24-ին: Ուստի, Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված երթը Վարշավայում տեղի է ունեցել ապրիլի 22-ին` Հիսուս Քրիստոսի Խաչելության և կենարար Մահվան օրը:
Հայր Տաճատի հրավերին ընդառաջ` երթին իրենց մասնակցությունն են բերել նաև Լեհաստանում հայ կաթոլիկ երեք եկեղեցիները ներկայացնող հովիվներից երկուսը` Հայր Թադեոս Իսակևիչ-Զալևսկին` Գլիվիցեից, և Հայր Արթուր Ավդալյանը` Վարշավայից:
Երթն ավարտվել է Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ տեղի է ունեցել
Հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Այնուհետև օրվա խորհրդի հետ կապված հնչել են խոսքեր Հայր Տաճատ Ծատուրյանի, Հայր Թադեոս Իսակևիչ-Զալևսկու և Ռաֆիկ Ամիրյանի կողմից:
Հավարտ վերոհիշյալ արարողության հայ ժողովուրդն իր գրավոր բողոքն է թողել Թուրքիայի դեսպանատան փոստարկղում:
Իսկ կիրակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղադրված Խաչքարի առջև տեղի է ունեցել Հոգեհանգստյան կարգ 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Նույն օրը` ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին, Վարշավայի Ամենասուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցում Լեհահայոց
հոգևոր հովիվ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Պատարագ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:
Եկեղեցին լեցուն էր հայ և օտար հավատացյալներով: Ի զարմանս ներկաների, Լեհաստանում առաջին անգամ հնչեց Կոմիտասյան քառաձայն Պատարագ, որը կատարում էին ազգությամբ լեհ երիտասարդներ: Հայր Տաճատի խրախուսանքի և Վարշավաբնակ Յակուբ Կոպչինսկու ջանքերի շնորհիվ երիտասարդները կարողացել էին հրաշալի պատրաստվել զատկական Պատարագին:
Աստվածային նախախնամությամբ տարվույս ապրիլի 24-ը, որը միավորել էր Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը և Տիրոջ Հրաշափառ Հարության տոնը, Վարշավայում դրեց հիմքը Կոմիտասյան անկրկնելի Պատարագի:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
 

Զատկական Ս. Պատարագ եւ Հոգեհանգիստ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերու ի Ցյուրիխ

Ապրիլի 24-ին, Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին առիթով Ցյուրիխի Տիւպէնտօրֆ
գիւղաքաղաքի Հռովմէական Ս.Մարիամ Աստուածածին եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ
հայածէս Ս. Պատարագ իսկ Ս. Պատարագի աւարտին կատարուեցաւ Հոգեհանգստեան Պաշտօն Հայոց Ցեղասպանութեան 96.ամեակի անմեղ զոհերի յիշատակին:

Զատկական Սուրբ Պատարագը մատոյց Զուիցերիոյ Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ եւ Ժնևի Ս. Յակոբ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ նորանշանակ Տ. Մեսրոպ Վարդապետ Պարսամեանը, առընթերակայ ունենալով Ցյուրիխի Հոգեւոր Հովիւ Տ. Շնորհք Քահանայ Չէքիճեանը իսկ Ս. Սեղանին սպասարկեցին ուրարակիր դպիրներ ու դպիրներ:

Տաղաւարի սոյն Պատարագին ներկայ էին Ցյուրիխի ու Նէօշաթէլի Եկեղեցական Խորհուրդի անդամները գլխաւորութեամբ Ատենապետեր Տիարք Վռամշապուհ Թերզիեանի ու Ալէն Ուկնատի: Այս տարուան Զատկական Ս. Պատարագը աննախընթաց էր իր աւելի քան երկու հարիւր հայ հաւատացեալներու ներկայութեամբ, որոնք պիտի ծանօթանային ու Բարի Գալուստ մաղթէին Զուիցերիոյ Թեմի իրենց նորանշանակ Առաջնորդական Տեղապահ Հայր Սուրբին յանձին Հոգշ. Տ. Մեսրոպ Վարդապետ Պարսամեանի:

Սուրբ Պատարագի աւարտին Հայր Սուրբը ներկաներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնն ու Ս. Յարութեան Տօնի պատգամը որմէ յետոյ կատարուեցաւ նաեւ Հոգեհանգստեան յատուկ կարգ ի յիշատակ Մեծ Եղեռնի աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակներուն:

Հայոց Ցեղասպանութեան 96. տարելիցի ոգեկոչման արարողութեան առթիւ ուղերձով մը հանդէս եկաւ նաեւ Զուիցերիա-Հայաստան Ընկերակցութեան Խորհուրդի անդամներէն Պրն. Անտրէաս Տրայզիպնըրը ով արձագանգ եղաւ Զուիցերիոյ ժողովուրդի Հայոց Ցեղասպանութեան հանդէպ դրսեւորաց դիւրազգացութեանը ու կիսեց հայ ժողովուրդի վիշտն ու ցաւը:

Ս. Պատարագի աւարտին եկեղեցւոյ յարակից սրահին մէջ տիկնանց յանձնախումբին կողմէ խնամքով պատրաստուած էր Զատկական հիւրասիրութիւն` «Սիրոյ Սեղան», որու ընթացքին Հոգշ. Հայր Սուրբին ցուցադրուած մտերմիկ ու ջերմ ընդունելութիւնը այդպիսի մթնոլորտ մը կը պարզէր որ կարծէք նորանշանակ Հայր Սուրբը երկար ժամանակէ ի վեր արդէն բոլորին ծանօթ էր եւ կը գտնուէր իր հարազատ յարկին մէջ:

Տիրոջ Հրաշափառ Ս. Յարութեան Տօնը Ցյուրիխի մէջ իր ետին ահաւասիկ այսպիսի
անմոռանալի օր մը կը թողուր:

ՑՅՈՒՐԻԽԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾՈՒԽ




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
 

Պիտակներ՝

Խոհ

Ավագ Շաբաթվա խորհրդավոր այս օրերին ակամա մտածում ես մատնության ու լքումի, տառապանքի և խաչելության մասին: Սեփական մաշկիցդ ներս զգում ես մահվան սահմռկեցնող զորությունը և մեղքի անտանելիորեն ծանր բեռը: Սկսում ես կարեկցել դրսում, գիշերվա ցրտի և տեղատարափ անձրևների դեմ անպաշտպան մանցած ծաղկած բալենուն, գարնան կարոտ զգալ… Երկնքից արև~ խնդրել ու ՀԱՐՈՒԹՅՈՒՆ:

Հարկավոր է սպասել ևս մեկ-երկու օր, «արթուն մնալ և աղոթել», ինչպես Տերը պատվիրեց Իր առաքյալներին:
Եվ երջանկություն է գիտակցելը, որ քո սպասումի մեջ դու միայնակ չես. բյուրավոր հավատացյալներ աշխարհի տարբեր ծագերում սպասում են մարդկության պատմությունը հեղաշրջած միակ ՀՐԱՇՔԻՆ: Տեր Հիսուս նորից հարություն կառնի: Այս անգամ Արդարության Արեգակը կծագի ապրիլ 24-ին, կծագի` ջերմացնելու համար բյուրավոր անմեղ զոհերի հոգիները:

Թող Ամենազոր Աստված Իր Հրաշափառ Հարության լույսով ողողի հայոց փոքր ածուն, ուժ տա ապրելու և արարելու:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
Մեկնաբանություններ (2)

Posted by off 21 Ապրիլի, 2011 in ԱՌՕՐՅԱ

 

Պիտակներ՝

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ  /ապրիլի 21/
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի

—    7:30 Գիշերային ժամերգություն և Կարգ ապաշխարողաց

–    10:30 Սուրբ Պատարագ

–    16:00 Ոտնլվայի կարգ` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ.

–    19:00 Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնության:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ  /ապրիլի 22/
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության

–    12:00 Խաչելության կարգ

–    17:30 Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ  /ապրիլի 23/
Ճրագալույց Սուրբ Զատկի

–    17:30 Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի նախատոնակ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ  /ապրիլի 24, կիրակի/
Հիշատակ է մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության

— 1130 Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի համայն հայ ժողովրդին:

— 16:30 Հոգեհանգստյան արարողություն Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի համար

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ /ապրիլի 25/
Հիշատակ ննջեցելոց

— 10:30 Սուրբ Պատարագ և Հոգեհանգիստ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
 

Պիտակներ՝

Ծաղկազարդ, Մանուկների օրհնության օր

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:
Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Ժամանակացույց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
— ժամը 10:00 Անդաստան եւ մանուկների օրհնություն.
— ժամը 11:00 Սուրբ Պատարագ.
— ժամը 13:00 մանուկների օրհնություն, այնուհետեւ կավճանկարի մրցույթ.
Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
— ժամը 11:00 Սուրբ Պատարագ.
— ժամը 13:00 մանուկների օրհնություն, այնուհետեւ կավճանկարի մրցույթ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ:
 
 

Պիտակներ՝ ,