RSS

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԸ…

24 Հկտ

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունում իրարանցում էր: Փոքրիկ դահլիճի երեք ջահերը համաչափորեն ճոճվում էին: Տեսարանը չափազանց դրամատիկ էր, իսկ այդ պահին գլխումս ծագած բոլոր մտքերը` միանշանակ ողբերգական… Հապաղելով, ծուլորեն, անգամ ժպտալով ու միմյանցից նրբանկատորեն թաքցնելով սեփական ներաշխարհում տիրող խուճապը, դուրս եկանք մաքուր օդի: Թեթևակի գլխապտույտ զգացի. նույն պահին լսեցի աղջիկներից մեկի ձայնը. «երեխերք, գլուխս ֆռռում ա…»: Հիշեցի, որ նման բաներն օրինաչափ են: Մեղքս ումի՞ց թաքցնեմ. եկեղեցու բակից սկսեցի զննել այդ տարածքից երևացող բաձրահարկ շենքերը. «Տեսնես ինչ-որ տեղ ողբերգություն եղե՞լ է…»:

Բանն այն է, որ երեկ` 2011թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 15.40-ի մոտակայքում «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում գրանցվեց առաջին երկրաշարժը:

Հիշեցի, որ կինս իր բոլոր հորաքույր-մորաքուրների և նրանց դուստրերի հետ մեր տանն է: Պատկերացրեցի, թե ինչպես են  աստիճաններով իջնում` բղավելով ու ճչալով: Անմիջապես զանգահարեցի. իմ երևակայած կանացի աղմուկն արդարացված էր:

Երբ երիտասարդներին առաջարկեցի եկեղեցի մտնել ու աղոթել` ինձ թվաց թե ոչնչով չեմ տարբերվում վաղամեռիկ Կիկոսի պապից, երբ իր «ոչնչից դժբախտացած» դուստրերին հրավիրում էր «քելեխ ուտելու»:

Տեր Հոր կարդացած «Պահպանիչը»` եկեղեցու բարձրիկ գմբեթից կախված, դեռևս համառորեն ճոճվող ջահի ու շորորացող կանթեղների ներքո` օրվա հիմնական դասն էր… Եվ աղոթքի այդ պահին այնքան խտացած կարոտ ու ջերմություն կար տագնապած մեր սրտերի ու Սուրբ Խորանի հանդիպման մեջ, մեր աչքերի խորքում անթեղված վախի ու Տիրամոր լուսե աչքերի մեջ…

Հ. Գ.
 ինչպես քիչ անց իմացանք` աղետը 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր, էպիկենտրոնը` Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի մոտակայքում: 
 

Պիտակներ՝ ,

Թողնել մեկնաբանություն