RSS

Tag Archives: ձեռնադրություն

Մայիսի 28-ն իմ ձեռնադրության օրն է

Ձեռնադրությունս

Երբ խենդութիւնը համբուրեց մարդու ճակատը, ան կրոնավոր դարձավ:
Կոստան Զարյան

Ամեն Աստծո օր ես որոշում էի թողնել ճեմարանը և ամեն Աստծո օր` հետ կանգնում իմ որոշումից: Մոտավորապես այսպես են անցել ճեմարանական կյանքիս առաջին երկու-երեք տարիները: Բարեբախտաբար, երբեմն պարզապես «ճեմարանական» լինելու ռոմանտիկ հերոսականությունը, երբեմն էլ կտրուկ որոշում կայացնելու համար անհրաժեշտ քաջության պակասն ինձ հետ էին պահում ճեմարանը լքելու արկածախնդրությունից: Իմ հոգում գրեթե ամեն օր մակընթացություն էր, կամ տեղատվություն, և այն աստիճան, որ ես երբեմն գայթակղություն էի ունենում ինձ «Հին աստվածների» աբեղա երևակայել:

Ես շատ ուշ սիրեցի քեզ, ո՜վ քաղցրություն…
Ս. Օգոստինոս Երանելի

Ծանոթությունս Գերշ. Տ. Սահակ եպս. Մաշալյանի հետ (այն ժամանակ աբեղա) իմ կյանքում որոշիչ եղավ: Զարմանում էի`որտեղի՞ց այսքան իմաստություն և պարզություն այս մեկ անձի մեջ: Այն, որ նա մեզ քարոզխոսության և Նոր Կտակարանի դասեր էր տալիս, դա միայն թվում էր,  իրականում սակայն, Սրբազանը մեզ պատմում էր ինձ անծանոթ Աստծո մասին, Աստծո, որին, տարօրինակ կերպով, ես հավատում էի մանկությունիցս ի վեր, հավատում, բայց չէի ճանաչում:

Սրբազանն ինձ ծանոթացրեց իմ դավանած Աստծո հետ:

Ճեմարանական վերջին տարիներին, երբ ամեն ուրբաթ երեկոյան գնում էինք Մայր Տաճար լռության քաղցր վայրկյաններ ապրելու համար, երբ միայն մեկ մոմի լույս կար, միայն աղոթք կար և Տիրոջ Զորավոր Խոսքը, որ հնչում էր Սրբազան Հոր շուրթերից և թագավորում մեր անհանգիստ երիտասարդ սրտերում, ահա այդ ժամանակ էր, որ իմ մեջ հետզհետե լռում էին հոգիս ալեկոծող բոլոր աղմուկները և ես ավելի պարզորոշ էի լսում Աստծո կանչը…

 Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ։ (Հայտ. Գ 20)

Հիշում եմ, հազիվ տասը կամ տասնըմեկ տարեկան կլինեի, երբ մի օր երեկոյան Շիրակ անունով մեր հարևանը բախեց մեր դուռը…

Հարևաններ կան, որոնց հետ երբևէ առնչություն ունեցած չենք լինում. Շիրակն այդպիսի հարևան էր մեզ համար: Նա փոքր-ինչ զարմացած ծնողներիս ասաց, որ մեր քաղաքի եկեղեցին այժմ քահանա ունի, իսկ եկեղեցում փոքրիկ դպիրների կարիք կա:
Օրեր անց ես և Սամվել եղբայրս եկեղեցում արդեն շապիկ էինք հագնում: Հետո, Սուրբ Խաչի տոնին մկրտվեցինք և Տեր Նարեկը մեզ թույլ տվեց Պատարագներին Խորան բարձրանալ: Մեր Տեր Նարեկը, մեր սիրելի քահանան, բարի սերմնացանի նման ամեն կիրակի Պատարագից հետո մեզ հետ նստում էր եկեղեցու շվաքում` սալ քարերի վրա, և պատմում Հիսուսի կախարդական առակները` կես-պատանեկան ու կես-մանկական մեր երևակայության մեջ գծագրելով Աստծո լուսավոր քաղաքի պատկերը…
Հիմա, տարիների հեռվից, երբ մտաբերում եմ այս ամենը, զարհուրանքով մտածում եմ, որ դռան այդ բախոցն իմ կյանքում կարող էր և չլիներ…

Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց։  (Սաղմ. ԻԶ 10)

Քանի՜-քանի անգամ փակել էի աչքերս և պատկերացրել քահանայական օծումս Սուրբ Էջմիածնի իմ նվիրական Մայր Տաճարում : Պատկերացրել էի ընծայումս` հանդիսավոր, շքեղ երգեցողությամբ, բազմամարդ ու լուսավոր, ինչպես սովորաբար լինում է Մայր Աթոռում:
Բայց Տերը, մարդկային սրտի ամենանվիրական անկյունները ճանաչող, երկինք ու երկիր ստեղծած մեր Տերն ինձ համար այլ ճանապարհ էր պատրաստել :

Հոգեգալստյան տոնի օրը` 2012թ. Մայիսի 27-ի երեկոյան Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում կատարվող ընծայմանս արարողությանը սպասավորում էին մի քանի դպիրներ, իսկ արարողությանը հետևում էին ընդամենը երեք հավատացյալ կանայք : Հազարավոր կիլոմետրեր հեռվում թողած Սուրբ Էջմիածինս, ինձ համար աղոթող բազմաթիվ քույրերիս և եղբայրներիս, այսպես ծնկի իջա Տիրոջ Սուրբ խորանի առաջ :

Շքեղ տաճարի լռության մեջ իրականացվող սրբազան այդ ծիսակատարությունը, Սրբազան Հոր բոլոր աղոթքներն ու յուրաքանչյուր բառը ասես աներևույթ մի զորությամբ հեղվում էին հոգուս մեջ, խառնվում արյանս, հասնում անհանգիստ բաբախող սրտիս, խաղաղեցնում տագնապներս :
Երբ ամեն ինչ ավարտվեց, հոգևոր աննկարագրելի ուրախությամբ բարձրացրի հայացքս, հասկացա, որ Տերն ինձ ընդունեց լռության մեջ:

 Աստված իմ, ես գալիս եմ քեզ մոտ: Ես հերկել եմ հողը քո անունով, և դու պետք է հավաքես բերքը: Ես կառուցել եմ տաճար, և դու պետք է ապրես այդ լռության մեջ:

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

 Մայիսի 28-ի առավոտն ասես ինձ համար էր բացվել: Եղանակն արտասովոր արևային էր, մի բան, որ Փարիզում ամեն օր չես տեսնի: Օդի մեջ մի տեսակ հանդիսավորություն կար: Եվ ի տարբերություն նախորդ երեկոյան կատարված ընծայման գողտրիկ ծիսակատարության` քահանայական ձեռնադրությունս պիտի կատարվեր բազմամարդ եկեղեցում: Փարիզի սրտում գտնվող հայկական ծաղիկը` իմ հոգու նոր ծննդավայր Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցին վաղ առավոտից լի էր ինձ անծանոթ հավատացյալներով, Սուրբ Պատարագի ընթացքում Խորանի վրա Սրբազան Հորը սպասավորում էին մի քանի քահանաներ…

Ես ծնկաչոք խորան բարձրացա, ճանապարհ, որ ինձ ծանոթ էր մանկությունից… Ճանապարհ, որ ասես առաջին անգամ էի անցնում: Ամեն բան հարազատ էր և փոքր-ինչ այլ, ամենուր Աստված էր: Ես բառեր չէի գտնում աղոթելու համար, ասես բառեր գոյություն չունեին, ես ոչ մի սաղմոս չէի հիշում, հոգիս ցնծում էր և լալիս:
Դավիթ, Դանիել, Վարդան, Հովհաննես, Գարեգին, Հովնան, Գալուստ, Արամ և Եսայի անուններից Սուրբ Խորանին ինձ համար հնչեց Տեր Արամ անունը: Ես Տիրոջ ծառան դարձա Տեր Արամ անունով :
Ճիշտ մեկ տարի է անցել : Ես քանի՜-քանի անգամ փորձել եմ բառերով վերարտադրել այդ մի քանի ժամվա ընթացքում ինձ հետ կատարվածը, սակայն ապարդյուն : Բառեր չկան պատմելու համար Սուրբ Հոգու լուսավոր ներկայությունը մեր մեջ, որովհետև մենք սահմանափակ էակներ ենք, իսկ «Աստված Հոգին տալիս է առանց չափի» (Հովհ. Գ 34)։

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե’ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի: (Սաղմոս ՃԼԷ 14)

Մայիսի 28-ն իմ ձեռնադրության օրն է: Կյանքիս ճանապարհն օրհնությամբ ու սիրով ասեղնագործած իմ Տիրոջ և իմ հանդիպման օրը…

 
1 մեկնաբանություն

Posted by off 28 Մայիսի, 2013 in ԳԵՂԱԴԻՏԱԿ

 

Պիտակներ՝ , ,

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 2-ին, Փրկչի Համբարձման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կատարեց քահանայական ձեռնադրություն և օծում:

Պատարագիչ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ սարկավագների. սբ. մյուռոնով օծելով նորընծաների ճակատներն ու ձեռքերը`  նրանց շնորհեց հոգևոր նոր անուններ: Կարեն սարկավագ Անանյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա,  Արթուր սարկավագ Տիգրանյանը` Տ. Կոմիտաս քահանա, Համլետ սարկավագ Մովսիսյանը` Տ. Սիմեոն քահանա, Արմեն սարկավագ Սողոյանը` Տ. Մերուժան քահանա, Արթուր սարկավագ Հովհաննիսյանը ` Տ. Ստեփաննոս քահանա, Սուրեն սարկավագ Արաբյանը` Տ. Համբարձում քահանա, Էմին սարկավագ Խաչատրյանը` Տ. Թովմա քահանա:

Ավարտելով հընթացս պատարագի կատարվող ձեռնադրության կարգը` Սրբազան Հայրը դիմեց նորընծա քահանաներին` շնորհավորելով ձեռնադրության շնորհին արժանանալու առիթով: «Այսօր ծնվեցին յոթ սպասավորներ մեր Ս. Եկեղեցու: Նրանք դարձան քահանաներ և Աստծո հոգին` ս. մյուռոնի դրոշմամբ, իջավ նրանց վրա: Նրանք կոչվեցին ծառայելու, Ս. Գիրքը քարոզելու, օժանդակելու բոլոր կարոտյալներին, մարդկանց մեջ սերը զորացնելու և դառնալու աղն ու լույսն այս աշխարհի, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է Ավետարանում: Այս տոնական օրը աղոթենք և մաղթենք, որ հայրերի ոգին, որոնց անունները ստացան այս քահանա հայրերը, միշտ նորոգի և ներշնչի նրանց` իրենց կյանքը զոհաբերելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու մեր ժողովրդին», — նշեց Սրբազանն իր խոսքում: Իր քարոզում Հովակիմ Սրբազանը նաև անդրադարձավ եկեղեցականի կոչմանը և կարևոր առաքելությանը` պատգամելով քահանաներին իրենց հետագա ծառայության վայրերում ամրապնդել հայորդիների հավատը, վառ պահել նրանց սրտում սերը մեր Եկեղեցու հանդեպ, սերը ազգային արժեքների ու ավանդույթների հանդեպ:

Համբարձման տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև 1441թ. Հայոց Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով Ս. Պատարագի ընթացքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` առաքելահիմն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և լուսավորչահաստատ Հայրապետական Ս. Աթոռի անսասանության և պայծառության համար:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաև  վեղարի տվչության արարողություն: Նորընծաներից Տ. Համբարձում և Տ. Թովմա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: Արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Վեհարանում ընդունեց և իր հայրական պատգամն ու օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 
 

Պիտակներ՝ , , ,