RSS

Այսօր կարոտեցի դպրոցս…

26 May
Վերջին զանգ

Ուղիղ տասը տարի առաջ այս օրն ավարտեցի Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Տղա ու աղջիկ, ամբողջ դասարանով պետք է բեմ բարձրանայինք, դե գիտեք` օրենք է: Իսկ մենք, քանի որ ծնվել ու դաստիարակություն էինք առել մեր հարազատ Սիսիանի գավառական ու փոքր-ինչ ամոթխած միջավայրում, բնականաբար ամաչում էինք: Մենք ասելով, տվյալ դեպքում նկատի ունեմ ինձ և մեր դասարանի մյուս կտրիճ տղերքին: Որոշեցինք խմել: 2001թ. մայիս 26-ի լույսը դեռ չբացված, ութ «հանցակից» ընկերներով արդեն մեր դասարանում էինք: Ու մինչ քնկոտ օրիորդները կարթնանային, մինչ մայրիկների ու ավագ քույրիկների օգնությամբ կհարդարեին իրենց սքանչելի վարսերը, մինչ կշպարվեին (ոմանք` կյանքում առաջի~ն անգամ) ու բարձրակրունկ կոշիկների վրա հազիվ հավասարակշռություն պահելով դպրոց կհասնեին, մենք արդեն գինոտել էինք մեր ճերմակ տոնական վերնաշապիկներն ու «Լուսնյակ գիշեր» էինք երգում:

Ինչևէ, բեմ բարձրացանք բավական համարձակ, ծափեր ու արցունքներ կորզեցինք բոլորից: Ստացվեց…: Հետո, երբ բեմից իջանք, ու երբ անցավ գինու բերած թմբիրն ու հոգնած կոկորդները դադարեցին «տասի Բ» գոռալուց, անդառնալիորեն հասկացանք, որ «վերջին զանգն» իսկապես հնչել է: Միայն այդ ժամանակ էր, որ սիրելի դասարանցիներից մոտալուտ  բաժանումի գիտակցումն ու անսահման թախիծը խեղդեցին կոկորդս…

Ուղիղ տասը տարի է անցել…: Այդ օրվանից ի վեր աշխարհում շատ բան է փոխվել: Այս տարի նույնիսկ շրջանավարտներ չկան. տարօրինակ կերպով, ոչ ոք այս տարի դպրոցը չի ավարտելու: Փոխվել եմ և ես, փոխվել են դասընկերներս: Խոսքիս ավելի բանաստեղծականություն տալու համար` ասեմ, որ ուսուցիչներս էլ ծերացել են (չնայած որ վաղուց նրանց չեմ տեսել)…

Այսօր հարազատ դպրոցս հիշեցի… Կարոտեցի բոլորին. նույնիսկ մեր հավաքարար «բաժակ նայող» Ծաղկուշին ու տնտեսվար Արշավիր պապիկին: Հիշեցի նաև մեր դասարանի թիվ մեկ «պատվիրանը» (եթե անկեղծ լինենք` սա սովետական և հետսովետական դպրոցներում սովորած բոլոր աշակերտների պատվիրանն է). «Եթե բոլորը դասից փախչում են, դու նույնպես պարտավոր ես փախչել: Նա, ով դասարանի հետ չի փախչում, դավաճան է»: Չգիտեմ, ինչու սա ևս հիշեցի. երևի կարոտից է…

Իսկ «վերջին զանգն» այս տարի, այնուամենայնիվ, չի հնչելու…

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: