RSS

«Ռեմա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտում «Մանանա» ծրագրի շրջանակներում

18 Մյս

«Ռեմա» ֆիլմի վերնագիրը կարդալուց հետո առաջին միտքը, որ ունեցա հետևյալն էր. «Աղանդավորներն էլի պարապությունից կինո են նկարել»: Եվ քանի որ ֆիլմի վերնագիրը կարդացել էի սանուհուս` Հասմիկի ֆեյսբուքյան էջում, հենց նրանից էլ փորձեցի ճշտել մանրամասներ: Հասմիկն ինձ ուղարկեց ֆիլմի մտահղացման հեղինակ և սցենարիստ Ատակ Կոլյանի ԱնՅանգիստ բլոգի լինքը, որտեղից էլ ճշգրիտ տեղեկությունններ քաղեցի այդ ֆիլմի մասին:
Արտակի բլոգում գտա նաև ֆիլմի թրեյլերը, որն ինձ շատ հրապուրեց: Խնդրեմ, կարող եք հրապուրվել և ինքներդ:

Ինչևէ, խոսքս, իմ սովորության համաձայն, չերկարացնելու համար, ասեմ, որ  «Ռեմա» ֆիլմին ծանոթանալուց հետո, որն ամենևին էլ կապ չունի համանուն աղանդավորական կազմակերպության հետ, ցանկություն ունեցա ֆիլմի դիտում կազմակերպել «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում:

Արդյունքում, անցյալ կիրակի, այսինքն` երեք օր առաջ, ֆիլմի ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի և սցենարի հեղինակ Արտակ Կոլյանի մասնակցությում, տեղի ունեցավ ֆիլմի դիտումը և քննարկումը: Ի դեպ, ինչպես ԱնՅանգիստ բլոգը պրպտելիս պարզաբանեցի, «Մանանա»-յի շրջանակներում կազմակերպված այս փոքրիկ ցուցադրությունը «Ռեմա»-յի երկրորդ հրապարակային ցուցադրությունն էր: Չնայած, որ տեխնիկական ու, խոսքը մեր մեջ, նաև թափթփվածության պատճառներով, ֆիլմը սկսեցինք դիտել գրեթե մեկ ժամ ուշացումով. իսկ այդ ընթացքում ես մի քանի անգամ, ինչպես ասում են`«գնացի էն աշխարհ, հետ եկա», այնուամենայնիվ ֆիլմի թողած դրական տպավորությունն աննկարագրելի էր: Իսկ քննարկումը ֆիլմի երիտասարդ հեղինակների հետ, անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Դիտենք մի քանի նկարներ.

Համառորեն չմիացող հեռուստացույց

Համառորեն չմիացող հեռուստացույց

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

«Ռեմա»-յի հեղինակներն համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

«Ռեմա»-յի հեղինակները համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

Հանդիպման վերջին կադրը

Հանդիպման վերջին կադրը

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն :)

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն 🙂

Մեկ անգամ ևս, «Մանանա» ծրագրի մասնակից երիտասարդների անունից շնորհակալություն հայտնելով  Դավիթ Ներկարարյանին և Արտակ Կոլյանին` մաղթում եմ, որ Աստծո օրհնությունը նրանց կյանքում առատ լինի, որպեսզի շարունակեն իրենց ստեղծագործական աշխարհով հիացմունք պատճառել շատերին:

Չգիտեմ, թե ով ինչ քաղեց ֆիլմից և մեր երիտասարդ երկու հյուրերի հետ ունեցած մտերմիկ զրույցից, սակայն ես մի բան շատ լավ հասկացա, որ այս ֆիլմում ներկայացված երկու «մերօրյա պատմիչները»` Արևշատն ու քույր Սոխակը` իբրև բանավոր ավանդության կենդանի կրողներ, իրենց տեսակի մեջ չկրկնվող ու եզակի մարդիկ են:

Արևշատը` իբրև գեղջկական իմաստության խտացում, «քյավառա» բարբառով կարող է կարդալ ու բացատրել Նորադուզի հռչակավոր խաչքարերի ամենաանբացատրելի թվացող զարդաքանդակներն անգամ: Նա կարծես ծնվել է մարդկանց թարգմանելու խաչքարերի լեզուն… Իսկ քույր Սոխակը, ասես ծնված հնամյա Սանահինի խոնավ պատերի աղոթքներից, նման միջնադարյան մենաստաններում թրծված ասացողներին, դեմքի հատուկ միստիկական խաղաղությամբ ու հանդարտությամբ, ներկայանում է իբրև հավատքի և ասքի ճշմարիտ ու անսպառ մի ներդաշնություն:

«Ռեմա»-ն, որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է «կենդանի խոսք», երբեք չկորսվող արժեք է: Եվ միշտ հայրենի մեր հագեցած հողը կծնի կենդանի խոսքի աղբյուրներ… Այս արևի ներքո միշտ կլինեն սակավաթիվ, բայց կենդանի խոսքը կրող մարդիկ, ինչպես այս ֆիլմում Արևշատն ու քույր Սոխակն են` հայ բազմադարյա բանավոր ավանդության առասպելական գանձապարահանները…

 

Պիտակներ՝ , , , , , , ,

1 responses to “«Ռեմա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտում «Մանանա» ծրագրի շրջանակներում

Թողնել մեկնաբանություն